«Ինտերի» կիսապաշտպան, ճանաչված հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ավելի քան 30 հազար երեխաներն ու նրանց ընտանիքները սովի են մատնված ու բազմաթիվ զրկանքներ են կրում: «Մարդիկ իրենց հայրենիքում կանգնած են սովի եւ հումանիտար աղետի եզրին՝ չունենալով կենսական անհրաժեշտ դեղամիջոցներ, սնունդ եւ այլ անհրաժեշտ պարագաներ»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը նշել է` սովամահ լինելու սրտակեղեք իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: «Երեխաները կարիք ունեն, որ այս պատերազմը վերջանա, որպեսզի ապաքինվեն ու սկսեն ապրել»,– գրել է նա։ Մխիթարյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով ճանապարհը պետք է բաց լինի, եւ հումանիտար օգնությունը տեղ հասնի։
Իր գրառման վերջում ֆուտբոլիստն օգտագործել է «Վերջ Արցախի շրջափակմանը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Լեռնային Ղարաբաղ, Արցախ» հեշթեգերը։