CNN գործակալությունը, հղում անելով News Arena India-ին, հայտնել է, որ 1943 թվականին կառուցված եւ երկար ժամանակ աշխարհի ամենամեծ գրասենյակային համալիրը համարվող Պենտագոնի շենքը վարկանիշային աղյուսակից դուրս է մղել հնդկական Սուրատ քաղաքում ադամանդի բորսան՝ Surat Diamond Exchange-ը (SDB)։ Համալիրի շինարարությունը սկսվել է չորս տարի առաջ, սակայն համավարակը խոչընդոտել է ժամանակին ավարտել աշխատանքները։ 388 միլիոն դոլար արժողությամբ նախագիծն ավարտվել է 2023 թվականի ապրիլին։ Ակնկալվում է, որ բորսան շահագործման կհանձնվի նոյեմբերին: Ուշագրավ է, որ ամբողջ գրասենյակային տարածքը վաճառվել է նախքան շինարարության սկսվելը:
Հնդկական Սուրատ քաղաքը գտնվում է արեւմտյան Գուջարաթ նահանգում եւ համարվում է ադամանդների մշակման եւ փայլեցման կենտրոնը ամբողջ աշխարհում: Մոլորակի ադամանդների մոտ 90%-ը հատվում է Սուրատում: Ադամանդագործության բնագավառի տարբեր պաշտոններում ներգրավված ավելի քան 65 հազար մարդկանց մի մասը զբաղվում է թանկարժեք քարեր հատելով, մի մասը՝ դրանք հղկելով, մյուս մասն էլ՝ ադամանդի առեւտրով։
Սուրատի՝ ավելի քան 14 հեկտար տարածք զբաղեցնող ադամանդի բորսան նախագծել է հնդկական Morphogenesis ճարտարապետական ընկերությունը: Շենքը բաղկացած է կենտրոնական շենքից դուրս եկող ինը ուղղանկյուն աշտարակներից։ Այստեղ են գտնվում ադամանդագործների ավելի քան չորս հազար գրասենյակներ։ Տարածքը կօգտագործվի նաեւ որպես ադամանդների հատման եւ փայլեցման արտադրամասեր՝ ադամանդի բիզնեսով զբաղվող բոլոր մասնագետների համար դառնալով մեկ ընդհանուր աշխատավայր: