The New York Times-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները սոսկ ժողովրդավարություն չեն, դրանք թանկարժեք բյուրոկրատիա են, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կվերընտրվի 2024-ի ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 90 տոկոսը։
ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաեւ, որ Ռուսաստանը մտադիր չէ գրավել նոր ուկրաինական շրջաններ՝ չհաշված այն տարածքները, որոնք ներկայում իր հսկողության տակ են։ «Մենք պարզապես ցանկանում ենք վերահսկել ամբողջ այն տարածքը, որը ներկայում ներառել ենք մեր սահմանադրության մեջ իբրեւ մեր տարածքներ»,- ընդգծել է Պեսկովը․ Ուկրաինայի տարածքների զավթումից հետո Ռուսաստանի սահմանադրությունը ինքնահռչակ «Դոնեցկի» եւ «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները», ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների բռնազավթված հատվածները ներառել է Ռուսաստանի շրջանների ցանկում: Մեկնաբանելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր խաղաղ բանակցությունները՝ Պեսկովը նշել է, որ այժմ նման համաձայնագրի համար հիմքեր չկան, եւ Ռուսաստանը կշարունակի պատերազմը «տեսանելի ապագայում»։
Ավելի ուշ Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ The New York Times-ը «սխալ է ներկայացրել» իր խոսքերը։ Ըստ նրա՝ ինքն անձնական կարծիք էր հայտնել, երբ նշել էր, որ Պուտինի շուրջ հասարակության կոնսոլիդացիայի մակարդակն այնքան բարձր է, որ նախագահական ընտրությունները «տեսականորեն կարելի է նույնիսկ չանցկացնել»։ Սակայն դրանց անցկացումը ժողովրդավարության պահանջն է եւ Պուտինի անձնական որոշումը, ուստի դրանք տեղի կունենան։