Ազգային կենտրոնական բանկերի մայիսի տվյալներով` Չինաստանը, որի ոսկեարժութային պահուստները եղել են 3,371 տրիլիոն դոլար, պահպանել է բազմամյա առաջատարի դիրքը։ Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 1,254 տրիլիոն դոլար պահուստով։ Առաջատար եռյակը եզրափակում է Շվեյցարիան ՝ 886 միլիարդ դոլար ակտիվներով։ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են 11,6 միլիարդ դոլարով՝ հասնելով 584,2 միլիարդի։ Արդյունքում խոշորագույն միջազգային ակտիվներով տնտեսությունների շարքում Ռուսաստանը Հնդկաստանին զիջել է չորրորդ տեղը։
Լավագույն տասնյակում են Սաուդյան Արաբիան՝ 442,2, Հոնկոնգը՝ 421, Հարավային Կորեան՝ 420,98, եւ Բրազիլիան՝ 343,5 միլիարդ դոլարով: Խոշորագույն միջազգային պահուստների տիրապետողների տասնյակը մայիսին եզրափակել է Սինգապուրը՝ 325,7 միլիարդ դոլարով՝ Գերմանիային մղելով 11-րդ հորիզոնական:
ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել 12-րդ տեղը, նրան հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան եւ Թաիլանդը: Ուժեղացրել է իր դիրքերը Մեքսիկան՝ բարձրանալով 16-րդ հորիզոնական, եւ Մեծ Բրիտանիան՝ հասնելով 17-րդ հորիզոնական։ Առաջատարների քսանյակը եզրափակում են Իսրայելը, Լեհաստանը եւ Ինդոնեզիան։
Միջազգային պահուստների վարկանիշային թոփ-50-ում են նաեւ G20-ի երկրներից Կանադան՝ 22-րդ հորիզոնական, Թուրքիան՝ 26-րդ հորիզոնական, Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ 32-րդ հորիզոնական, Ավստրալիան՝ 34-րդ հորիզոնական եւ Արգենտինան՝ 49-րդ հորիզոնական։
Հայաստանի ոսկու պաշարները 2023-ի հունիսի տվյալներով 3, 885 միլիարդ դոլար են, Ադրբեջանինը՝ 2023-ի (փետրվարի) տվյալներով՝ 9,044 միլիարդ դոլար, Վրաստանինը՝ 2023-ի հունիսի տվյալներով՝ 1,767 միլիարդ դոլար։