2007 թվականի գարնանը առիթ ունեցա Հովհաննես Գրիգորյանի հետ ճամփորդելու Ֆրանսիայում։ Մեզ հյուրընկալում էին երկրի հյուսիսի եւ հարավի քաղաքներում գործող Պոեզիայի տները։ Խաղացանկն այսպիսին էր. դահլիճում հավաքված ֆրանսիացի պոեզիայի սիրահարների համար հնչեցնում էինք մեր գործերը (հայերեն), հրավիրված տեղացի դերասանն անզուգական կատարմամբ մատուցում էր ֆրանսերեն թարգմանությունը, ներկաները հարցեր էին ուղղում հեղինակներիս եւ մեզ ուղեկցող թարգմանչուհի Նունե Աբրահամյանին։
Հերթական հանդիպումից հետո հյուրանոց էինք մտել, Հովհաննեսը կանչեց իր սենյակը։ Հետը հայկական սուրճ ու սրճեփ ուներ, ուրիշ սուրճ (թիթիզ բաներ) չէր խմում։ Կիսվեցինք օրվա տպավորություններով։ Մեկ էլ ասաց՝ լսի, բայց դու քո գործերը շատ լավ ես կարդում, կարո՞ղ ա ասմունքի խմբակ ես գնացել։ Ասացի՝ չէ՛, ուղղակի ստացվում ա։ Բա ինչի՞ ինձ մոտ չի ստացվում։ Ասացի՝ բայց դուք էլ վատ չեք կարդում։ Չէ՛, չէ՛, իմ մոտ հեչ չի ստացվում, չնայած ավագ քույրերս ամեն ինչ անում էին, որ դառնամ ասմունքող։
Ու Հովհաննես Գրիգորյանը պատմեց, թե նախադպրոցական ու դպրոցական տարիքում ավագ քույրերն ինչպես էին իրեն սովորեցնում Տերյանի տխուր բանաստեղծությունները եւ ինչպես էին հպարտանում, երբ հարեւան-բարեկամի առաջ, աթոռակին կանգնած, ասմունքում էր։
«Ասածիս մեծ մասը չէի հասկանում, բայց մարդիկ հուզվում ու արտասվում էին, լալիս հոնգուր-հոնգուր։ Բանը հասավ նրան, որ հանգուցյալ ունեցող տներից գալիս, ինձ տանում էին առանց այդ էլ տխուր մարդկանց լացացնելու։ Ծառայության դիմաց գրպաններս քաղցրավենիք, իսկ երբեմն էլ փող էին դնում։ Ու սա տեւեց այնքան, մինչեւ մի օր հայրս իմացավ ու, մեծ պատմություն սարքելով, արգելեց մեռելի վրա փող աշխատել։ Այդ օրն ընդհատվեց ասմունքողի կարիերաս»։
Հովհաննես Գրիգորյանի կյանքի այս դրվագը լավագույնս արտահայտված է «Գեղարվեստական միջոցառում կանանց գաղութում» բանաստեղծությամբ։
Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:
Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզգույն
լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,
տոնավաճառներում, եւ հատկապես, ընտանեկան
հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:
Ոգեւորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից եւ հարաբերություններից միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ եւ հետո խնդրեցին ինձ`
սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
խոսք չլիներ անկախության եւ հատկապես ազատության մասին:
Աշուն է: Բանտարկյալների համար սիրային եւ հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու
լավագույն ժամանակը:
Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ եւ կարդացի մեր կարճատեւ
հանդիպման եւ երկարատեւ բաժանման, հեռավոր աշնան մասին,
երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, եւ ես
թեթեւ հագնված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
եւ այլեւս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով
կարդում էի, եւ արցունքները գետի պես հոսում էին
աչքերիցս, եւ հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
գլուխները գցած, առանց ամաչելու լալիս են նաեւ
գույնզգույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն
գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…
Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը գլուխը գցած
լաց լինելու լավագույն ժամանակը:
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։