ՀՀ դատախազությունից հայտնել են, որ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի արդյունքում պետությանը պատճառվել է 10 միլիոն դոլարի վնաս։ Նշվում է, որ կառավարության 2005-ի ապրիլի 21-ի որոշմամբ՝ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Հայֆիլմ» կինոստուդիային ամրացված գույքը 350 միլիոն դրամով մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ի եւ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջեւ 2005-ի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով ՓԲ ընկերությանն են օտարվել Երեւան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները եւ կինոբեմադրական միջոցները: Ըստ պայմանագրի՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005-ի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008-ի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:
Ներկայացվել է պատշաճ հիմնավորումներ չունեցող հաշվետվություն
Պայմանագրով նախատեսվել է 30 միլիարդ դրամի ներդրում, որից առնվազն 10 միլիարդ դրամը պարտավորվել է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիան 10 տարվա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014-ի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015-ի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաեւ, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 միլիոն դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։ 2006-2009 թվականների ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիան կատարել է 748 միլիոն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է պատշաճ հիմնավորումներ չունեցող հաշվետվություն: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:
Հափշտակել են 2, 658 միլիոն դրամի բեմական իրեր եւ տեխնիկական միջոցներ
Նշվում է, որ արդյունքում կառավարության 2015-ի օգոստոսի 31-ին լուծվել է կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը, պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2005-2016 թվականներին անհայտ անձինք հափշտակել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող 2 միլիոն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր եւ տեխնիկական միջոցներ: