Թուրքիայի արեւմուտքում՝ Մարմարա ծովի Դերինջե խոշոր առեւտրային նավահանգստի մերձակայքում, օգոստոսի 7-ին պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով կա 4 վիրավոր, նրանց վիճակը կայուն է։ Ծխի քուլաները տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից, դեպքի վայրում են հրշեջներն ու շտապօգնության ծառայությունները, ինչպես նաեւ հակաահաբեկչական ջոկատները։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 15:40-ի) Ստամբուլից դեպի արեւելք ընկած Քոջայելիի նահանգում։ Պայթյունը զգացվել է հարեւան Գյոլջուկ քաղաքում։ Ըստ CNN Turk հեռուստաալիքի՝ պայթյունը տեղի է ունեցել էլեւատորներից մեկում, ենթադրաբար, նավը հացահատիկով բեռնելու պահին։ «Էլեւատորները պարբերաբար ստուգվել են, իշխանություններն առայժմ չեն հայտնել՝ արդյոք պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի սեղմման պատճառով»,- հայտարարել է հեռուստաալիքի թղթակիցը։
Քաղաքապետը հաստատել է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է մի քանի էլեւատոր, ներկա պահին հացահատիկը դատարկում են էլեւատորներից։ Նա հավելել է, որ նավահանգստի կոնտեյներային հատվածը չի տուժել։ Safiport նավահանգստի օպերատոր ընկերությունում նշել են, որ միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա։