Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարության՝ ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռնատարների ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ ըստ 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի։ Միաժամանակ նրանք նաեւ տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին կոչ են արել պաշտպանելու միջանցքը ըստ հրադադարի մասին համաձայնագրի պայմանների:
ՄԱԿ–ի հատուկ զեկուցողները նշել են, որ վերջին յոթ ամիսներին ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է հիմնական սննդամթերքի, դեղորայքի եւ հիգիենայի միջոցների խիստ պակասի, դա ազդել է բժշկական եւ կրթական հաստատությունների աշխատանքի վրա եւ վտանգել մարդկանց կյանքը։ ՄԱԿ-ի զեկուցողները Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում կատարելու միջազգային պարտավորությունները` կապված մարդու իրավունքները հարգելու եւ պաշտպանելու հետ, այդ թվում` սնվելու, առողջապահության, կրթության եւ կյանքի իրավունքը։
«Ընդգծում ենք նաեւ բոլոր ներգրավված կողմերի միջեւ համագործակցության եւ երկխոսության կարեւորությունը ԼՂ հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,- նշված է հայտարարության մեջ։ Փաստաթուղթը ստորագրել են նաեւ սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆահրին եւ կրթության իրավունքի հարցերով զեկուցող Ֆարիդ Շահիդը։