Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։
«Մեր թիմը չունի մեծ գումարներ, մեր թիմը չունի սեփական օլիգարխներ, չունի լրատվամիջոցներ, չունի վարչական լծակներ։ Մեր միակ հարստությունը դուք եք, սիրելի՛ երեւանցիներ, եւ մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի եւ պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,-հայտարարել է Մարությանն իր տեսաուղերձում։
Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-ի սեպտեմբերից մինչեւ 2021-ի դեկտեմբերը։ 2021-ի դեկտեմբերի 22-ին Երեւանի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանու 65 անդամից կողմ էին քվեարկել 44-ը, դեմ՝ 10-ը, 3-ն՝ անվավեր: Քվեարկության արդյունքներով ավագանին Երեւանի նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին: Նույն օրը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակած տեսաուղերձում հանդես եկավ հրաժեշտի խոսքով։