Ուկրաինայի նախարարների կաբինետն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին: Նիստը հեռարձակվել է կառավարության YouTube-ի ալիքով:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ կառավարության հավանությանն արժանանալուց հետո համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը:
Համաձայնագրով 1996-ին կողմերը պարտավորվել էին ԱՊՀ-ում Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծել՝ փայատիրական սկզբունքով:
Օրինագծին կից բացատրական գրության մեջ նշվել է, որ այդ միջպետական պահուստը ՌԴ-ում է, իսկ գրանցամատյանում ընդգրկված պատրաստուկների անվանացանկը հիմնականում Ռուսաստանի տարածքում պատահող հիվանդությունների համար է, ընդ որում՝ պահուստի պատրաստուկները չեն բավարարում արդի պահանջները: Ի դեպ, Ուկրաինան վերջին 10 տարում չի օգտվել պահուստից:
Օրինագծում ընդգծվել է, որ Ուկրաինայի հետագա մասնակցությունը համաձայնագրին նպատակահարմար չէ:
Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն չեղարկել էր Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր: 2019-ի ապրիլի 1-ից գործողությունը դադարեցրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության շուրջ պայմանագիրը: