Օգոստոսի 4-ից Գյումրիում մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնը: Դեռ երկու շաբաթ Գյումրիում կլինեն բազմաթիվ ճանաչված արվեստագետներ ամբողջ աշխարհից:
Գյումրեցի եւ քաղաք ժամանած արվեստասերներն այս օրերին մասնակցում են ժամանակակից արվեստային մի քանի նախագծերի՝ ցուցահանդեսների, ներկայացումների, վիդեոարտների, ինստալյացիաների, համերգների: Տեղի կունենան նաեւ ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:
Երկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել են «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:
Gyumri Art Week-ի հիմնադիր, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է, որ նման փառատոն անցկացվում է Վիեննայում, Բեռլինում եւ մշակութային այլ խոշոր քաղաքներում: Օրինակը վերցրել են, տեղայնացրել եւ երկրորդ տարին է՝ հաջողությամբ իրագործում են: Արվեստի տոնը, սակայն, Գյումրու սահմաններից դուրս են հանել: Միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները Գյումրիից բացի վարպետության բաց դասեր կանցկացնեն Երեւանի, Օձունի, Ստեփանավանի երիտասարդների համար իրենց իսկ համայնքներում:
Իսկ մինչ այդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացումը: Կենտրոնի երեք հարկերում ցուցադրված էին աշխարհահռչակ արվեստագետների արվեստային ժամանակակից ընկալումն արտացոլող պատկերներ, վիդեոարտներ եւ ինստալյացիաներ:
Նկարիչ, արվեստագետ, փառատոնի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանն ասաց, որ երկրորդ Gyumri Art Week-ում ներգրավված են ավելի շատ արտերկրի, քան տեղի արվեստագետները, ինչի շնորհիվ միջմշակութային համագործակցությունը խոսքից անցել է գործի: Թեեւ ուրախ է այլ երկրներից հետաքրքրվածության նման բարձր ցուցանիշի համար, բայց հայրենիքում ստեղծագործողներին կոչ արեց ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու ժամանակակից արվեստի փառատոնին:
CYLAND Media Art Lab նյույորքյան կազմակերպության ներկայացուցիչ Վիկտորյա Իլուշկինան արտ-փառատոների կազմակերպման 15-ամյա փորձ ունի: Հավաքում է վիդեո եւ սաունդ արխիվները, լուսանկարներն ու այլ արվեստի գործեր, ներկայացնում ամբողջ աշխարհում: Gyumri Art Week-ի համադրողներից է: Բացման հանդիսությանը ներկայացել է մեծագույն սիրով, հավանել հանդիսատեսին: Իլուշկինան ասում է՝ արվեստագետն իրեն լավ է զգում, երբ հանդիսատեսի աչքերում հետաքրքրություն է տեսնում, Գյումրիում դրա պակասը չի նկատել: Խոստանում է վերադառնալ:
Օգոստոսի 5-ին Gyumri Art Week-ը փառատոնի ինստիտուցիոնալ գործընկերներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր՝ խմբակային ցուցահանդեսի բացմանը։
Այստեղ նույնպես հանդիսատեսն արվեստագետի աչքերով էր նայում ժամանակակից մարդու ընկալումներին, որտեղ հանդիպում են մաթեմատիկական տարրերը, արվեստը, կրոնը:
Իտալացի արվեստագետ Կլաուդիա Չիանուչչին շնորհակալություն հայտնեց գյումրեցի արվեստասերների հետ շփման հնարավորության համար: Բացի ցուցադրվող աշխատանքներից բերել էր հատուկ պատկերասրահի եւ կազմակերպիչների համար արված իր քանդակներից:
Art Week-ը-ի հաջորդ կանգառը Գյումրու Gallery 25 մշակութային կենտրոնում էր: Այստեղ հանդիսատեսը հաղորդակցվեց Գեւորգ Ջորջ Քասաբյանի, Զավեն Խաչիկյանի, Պոլինա Կոմյագինայի արվեստի հետ:
Gyumri Art Week-ի կազմակերպիչ Ալեքսան Տեր-Մինասյանը փաստեց, որ ոլորտը հարաբերական դադար էր վերցրել Գյումրիում, բայց ժամանակակից արվեստը մեծ թափով մտնում է Հայաստան, մասնավորապես՝ Գյումրի:
Նա կոչ արեց իշխանությանը, որ ավելի ակտիվ մասնակցեն այս նախաձեռնությանը: Հիշեցրեց. ստեղծագործ մարդ ձեւավորելն ամենակարեւոր աշխատանքն է, ժամանակակից արվեստն էլ՝ դրա ամենակարճ ճանապարհը:
Առջեւում դեռ բազմաթիվ մշակութային իրադարձություններ կան, հաջորդ կանգառը մայրաքաղաքում եւ Լոռու մարզում է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։