Ադրբեջանը ութ ամիս պատանդ է պահում 120 հազար մարդու՝ զրկելով սննդից, ջրից եւ բժշկական օգնությունից
«Իմ երկիրը վերածվել է հսկայական համակենտրոնացման ճամբարի, որն ամենակատարելագործվածն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Եվրոպայի եւ աշխարհի հասցեին նետած խոսքերն են՝ ժայռաքարի պես ծանր։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայկական անկլավը փաստացի ամբողջովին մեկուսացված է. Ադրբեջանը, որը շարունակում է հավակնել նրա ինքնիշխանությանը, փակել է Լաչինի միջանցքը՝ միակ մուտքի ճանապարհը՝ կանխելով սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները՝ օրական 400 տոննա ապրանք։
Երկիրը ծայրահեղության եզրին
«Տվե՛ք մեզ այսօր մեր հանապազօրյա հացը»,- գրել է Մարութ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ութ ամիս շարունակ օր օրի արձանագրում է մայրաքաղաք Ստեփանակերտի դանդաղ հոգեվարքը։ Քաղաքը ծնկի է իջել, սննդի պաշարները հասել են նվազագույնի, խանութները բառացիորեն դատարկվել են: Բավական ժամանակ է՝ սկսվել է ռացիոնալացումը, եւ հաջորդ բերքահավաքը Ադրբեջանի շրջափակման հետեւանքով վառելիքի եւ պարարտանյութի պակասի պատճառով կնվազի 70 տոկոսով. հնարավոր չի լինի շուտով կերակրել ամբողջ բնակչությանը։ Ադրբեջանցիները դադարեցրել են նաեւ էլեկտրաէներգիայի, գազի եւ խմելու ջրի մատակարարումը։
Սրանք այն թվերն են, որոնք պերճախոս ներկայացնում են Հարավային Կովկասում սեպված այս փոքրիկ դե ֆակտո հանրապետությունը. 240 օր անընդմեջ մեկուսացում, 120 000 մարդ բառացիորեն պատանդ է պահվել, որից 8 450-ը՝ ծանր հիվանդ՝ առանց համապատասխան բուժման, 2 000 հղի կանայք՝ առանց օգնության: 30 000 երեխա եւ 20 000 տարեց թերսնման վտանգի տակ են, 9 000 հաշմանդամ անձ թողվել է ինքնահոսի:
Անհնար խաղաղություն
Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բազմաթիվ կոչեր են արել՝ վերացնելու պաշարումը եւ կանխելու հումանիտար արտակարգ դրությունը, կոչեր, որոնք անուշադրության են մատնվել: «Եթե Հայաստանը համաձայնի ձեռնպահ մնալ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կարծում եմ, իսկապես հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել մինչեւ այս տարվա վերջ։ Հակառակ դեպքում խաղաղություն չի լինի»,- հուլիսի 21-ին պարզաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ուրեմն նորից պատերազմ կլինի, որովհետեւ Երեւանը հազիվ թե իր ճակատագրին մատնի Ղարաբաղը, հող, որտեղ հայկական եւ քրիստոնեական շատ խոր արմատների պաշտպանությունն արդեն երեսունհինգ տարվա բախումների ընթացքում ավելի քան 30 հազար զոհ է արժեցել եւ ավելի քան 1 միլիոն ներքին տեղահանված մարդ։ Միեւնույն ժամանակ, ադրբեջանական հարձակումը շարունակվում է. կիրակի՝ օգոստոսի 6-ին, ուժեղ ռմբակոծվել է հայկական ֆորպոստը։
Մահվան դատապարտված հիվանդներ
Հիվանդանոցներում իրավիճակը դրամատիկ է, քանի որ դեղերն ու թթվածինը շաբաթներ շարունակ սակավ են։ Ադրբեջանը կանխում է նաեւ ամենածանր հիվանդների տեղափոխումը Հայաստան, ինչը ավելացնում է մահերի թիվը բնակչության ամենաթույլ խավերի շրջանում։ «Միայն մի քանի հիվանդների է հաջողվել հասնել Երեւան՝ բուժումը շարունակելու համար»,- բացատրում է մի պետական պաշտոնյա։ Բայց նրանք շատ թանկ գին են վճարել, քանի որ «հիվանդներն ու նրանց ուղեկիցները ենթարկվել են նվաստացուցիչ հսկողության ընթացակարգերի եւ նվաստացուցիչ վերաբերմունքի. նրանք նկարահանվել են, եւ այնուհետեւ այդ պատկերներն օգտագործվել են ադրբեջանական քարոզչության կողմից՝ ցույց տալու Լաչինի միջանցքի բնականոն բացումը։ Բայց այդ ամենը կեղծ էր»: Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ամենալուրջ դրվագը. «68-ամյա Վագիֆ Խաչատրյանը. նրան Հայաստան տեղափոխելու իրավասություն ունեցող Միջազգային Կարմիր Խաչի շտապօգնության մեքենայից ադրբեջանական սահմանապահ ոստիկանները առեւանգել են. այդ ժամանակվանից այլեւս նորություններ չկան»,- ասում են որոշ ականատեսներ։
Ռուսաստանի դավաճանությունը
Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված պայմանագրերով պետք է երաշխավորեին Ղարաբաղի մուտքն ու անվտանգությունը, մեղադրվում են պետական դավաճանության համար։ «Նրանք ոչինչ չեն արել մեզ պաշտպանելու համար. նրանք մեղսակից են Ադրբեջանի կատարած ծանր հանցագործություններին, նրանք պետք է հեռանան»,- մեղադրում է «Հելսինկյան նախաձեռնություն 92» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Կարեն Օհանջանյանը։ Ստեփանակերտի մուտքի մոտ «Պուտինը՝ տարվա մարդուն» հսկայական հուշարձանի տեղադրումը բավարար չէ «ցարի» եւ Ալիեւների ընտանիքի ոչ թափանցիկ հարաբերությունները բացահայտելու համար։ Որովհետեւ Ռուսաստանը, չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի կողքին լինելուն, ռազմական դաշինք, որը կապում է նախկին Վարշավյան պայմանագրի որոշ երկրներին, միեւնույն ժամանակ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է, զենք, որն օգտագործվում է ավելի քան երեսուն տարի հենց հայերի դեմ: Բայց դեպի Բաքու է հոսում Ռուսաստանում արդյունահանվող եւ այնուհետեւ եռանկյունաձեւ նաեւ դեպի Եվրոպա նավթի գետը՝ շրջանցելով Ուկրաինայի պատերազմի պատժամիջոցները։ Ուստի դժվար է մտածել, որ Մոսկվան կարող է հրաժարվել այնպիսի թանկարժեք գործընկերից, որի հետ կիսում է նաեւ Հայաստանի հավերժական թշնամու՝ Թուրքիայի հետ բարեկամությունը։
Էթնիկ զտումներ
«Վերջին ամիսներին Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ սկսած կեղծ էկոակտիվիստների, այդ թվում՝ «Գորշ գայլերի» թուրքական ահաբեկչական կազմավորման համախոհների ցույցերից մինչեւ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը, ծրագրված են մեր բնակչության կյանքը անհնարին դարձնելու համար։ Լեռնային Ղարաբաղում իրական էթնիկ զտումների գործողություններ են ընթանում»,- դատապարտում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների ազատ տեղաշարժի իրավունքից հրաժարվելը վստահաբար ռասայական խտրականություն է». Հաագայի Միջազգային դատարանի անցյալ հուլիսի 6-ին կայացրած որոշումն է, որը Բաքվին կարգադրում է անհապաղ վերաբացել սահմանը. մի որոշում, որն աննկատ մնաց:
Կոչը ՄԱԿ-ին
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի հրամանների կատարումը, կանխելու մարդասիրական աղետը եւ դադարեցնելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»։ Հստակ են նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի հայտարարությունները. «Այլեւս անհանդուրժելի է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել դատավճիռները, բանաձեւերն ու հայտարարությունները՝ սիստեմատիկորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները»։ «Մենք դեռ չենք կորցրել միջազգային իրավունքի գերակայության հույսը այն մութ ուժերի նկատմամբ, որոնք ամբողջ մարդկության համար այս մռայլ օրերին փորձում են իրագործել իր ազատությունը պարզապես սիրող ժողովրդի ցեղասպանությունը»: Երկրի ազատություն, որն իր ստեղծման օրվանից խաղաղություն երբեք չի տեսել:
Ռոբերտո Տրավան, La Stampa, օգոստոսի 8