Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում հայտարարել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Հարվարդի ու Եյլի համալսարանների դասախոս Օկամպոյին եւ խնդրել փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Հուլիսի 31-ին Օկամպոն հրապարակային հայտարարել էր, որ յոթ օրում կնախապատրաստի իր եզրակացությունը։
Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում փաստել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը ԼՂ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է լրատվամիջոցներում, իսկ քաղաքական առաջնորդները քննարկում են։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը շեշտել է, որ իր համար պատիվ էր ներդրում ունենալ` անաչառ զեկույց ներկայացնելով։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի հայերի ոչնչացմանը։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը նշել է, որ իր ներդրումն այն է, որ բացատրվի, թե ինչու դա պետք է ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ ցեղասպանություն համարել Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի («Ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում») համաձայն։ «Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաեւ մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ գործադրվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն»,- ընդգծել է Օկամպոն իր հայտարարության մեջ։