Մոսկվան «միանգամայն հնարավոր է» համարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններով ավտոմոբիլային եւ երկաթուղային տարանցում սկսելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք պարբերաբար քննարկում ենք Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տարանցիկ հաղորդակցության հարցը Երեւանի հետ շփումներում՝ հաշվի առնելով լրացուցիչ տրանսպորտային միջանցքների բացման նրա օբյեկտիվ շահագրգռվածությունը։ Այդ ճանապարհը կկապի մեր երկրները վրացական ռազմական մայրուղու հետ»,- ասել է Դենիս Գոնչարը։
Նա համոզված է, որ այդ երթուղու շահագործումը կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային, լոգիստիկ եւ տարանցիկ ներուժի բացահայտմանը եւ կգործի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերի համար։
«Մենք կարծում ենք, որ այս հարցի լուծումը միանգամայն հասանելի է, եթե բոլոր շահագրգիռ կողմերն առաջնորդվեն պրագմատիկ շահերով եւ հաշվի առնեն տարածաշրջանում առկա իրողությունները»,- շեշտել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը։