Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ի պաշտպանություն Արմեն եւ Սերգեյ Սմբատյանների` hույս հայտնելով, որ ծագած իրավիճակը կպարզվի։ Երաժիշտը համոզմունք է հայտնել, որ եթե հայրը՝ Արամ Խաչատրյանը ողջ լիներ, անպայման կմիջամտեր՝ ծագած սուր խնդրի առնչությամբ։ «Մինչ դատավճռի կայացումը բանտում անազատության մեջ են Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները, մարդիկ, որոնց գործունեությունը Հայաստանի մշակութային ոլորտում անգնահատելի է»,– գրել է նա։
Կարեն Խաչատրյանը շեշտել է, որ Սմբատյանները մեծ ավանդ ունեն իր հոր` Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակման գործում։ Նա հիշեցրել է, որ Երեւանում արդեն 10 տարի է անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի նախաձեռնողը, ավելի ուշ նաեւ մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սմբատյանն է։ «Հայաստանի ժամանակակից երաժշտական մշակույթում ոչ պակաս խոշոր կերպար է Սերգեյ Սմբատյանը։ Նա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հիմնադիրն է, անփոխարինելի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Փառատոն, որն այսօր եվրոպական հայտնի փառատոների հետ նույն շարքում է»,– հիշեցրել է կոմպոզիտորի որդին։
Երաժիշտը վստահեցրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետեւողականորեն ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում ներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Արամ Խաչատրյանի որդին նշել է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի սահմաններից դուրս սոսկալի վնաս է հասցնում Հայաստանի ժամանակակից երաժշտարվեստին եւ առհասարակ՝ հայկական մշակույթին։