«Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»,- սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է՝ արտասանված 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում։
Հավակնոտ նպատակներ դնելը, առավել եւս դրանք իրականացնելը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի ցանկացած կառավարչի։
Բայց հավակնոտը պետք է, կներեք օտար բառի համար, «ինվենտարիզացիայի» ենթարկած լինի սեփական ազգի պատմությունը՝ գտնելու համար գոնե հնարավորի իրականացման նշմարելի վկայություններ։
Մեջբերված նախադասություններում խոսքը ստույգ նպատակի մասին չէ, պարզապես հեգնանքով կամ ծաղրաբար կասկածի տակ է դրվում իրատեսությունն առհասարակ։
Արհամարհելու հարցում Փաշինյանը բացառություն չէ։ Ով ասես, ոնց ասես արգահատել ու այպանել է իրատեսությունը՝ այն համարելով պարտվողականների, վախկոտների, փոքրոգիների շապիկ։ Ի՞նչ իրատեսություն, երբ մենք «մեկ խնդիր» ունենք, որ «պիտ լուծվի շուտով»։
Փաշինյանի սույն արտանետումն օգոստոսի 6-ին ինձ հիշեցրել էր Ֆեյսբուքը։ 2019-ին անդրադարձել էի դրան՝ կարճ մեկնաբանություն անելով հանրային հեռուստատեսության ոլորտում անգամ հնարավորն անելու անհնարինության մասին։
Եվ հիմա կրկին չէի անդրադառնա, եթե երեկ հարկադրված մասնակցած չլինեի մի խնջույքի, որը սկսվեց, մի տեղ էլ ընդմիջվեց մեր զոհերի, վիրավորների ու գերիների հոտնկայս կենացով։ Այս «հարգանքը», սակայն, թերի կլիներ, եթե խնջույքը թեժացնելու համար չհնչեր «Հասնինք Սասուն, մտնինք Վան» (աշխարհագրական մյուս անունները չեմ թվարկում) խրոխտ հիթը։
Վերջին 200 տարում, եկեք ուշադիր զննենք, թե հայ ազգը եւ պետությունը (խորհրդային, անկախ) ինչ նպատակներ է դրել իր առջեւ եւ իրագործե՞լ է արդյոք դրանք։ Եթե հանենք 1990-ականների ոչ լրիվ տասնամյակը, տակը բան չի մնալու։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԻնչու եւ ինչպես խորհրդայնացվեց Հայաստանը |
Կարոտախտավորները կշտապեն հիշեցնել խորհրդային «փառապանծ» 70 տարին։ Չէ՛, չէ՛, սիրելինե՛ր, հարգելինե՛ր, էդ 70 տարում խնդիրներ դնողն ու հարցեր լուծողը մենք չենք եղել։ Գուցե մասնակցել ենք, գուցե ջանացել, որ մի բան էլ ավելի լինի, բայց հավակնոտությունն ու նպատակասլացքը մերը չեն եղել։
Վերջին 200 տարում (ոչ լրիվ տասնամյակը հանած) մեր բեռներն անընդհատ Կոռնիձորում կանգնած են եղել, մեր գերիներն անլուր տառապել են օտար բանտերում, թղթե շերեփներն այրվել են մեր ձեռքերում, ահաբեկչություններն օտար մարդկանց կյանքեր են խլել, բայց՝ անօգուտ, «…որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»։
Վազգեն Սարգսյանն էլ մի ժամանակ ասում էր. «21-րդ դարը մերն է լինելու»։ Ինչ չափումներ (աշխարհագրական, ժողովրդագրական, մտավոր, ռազմական, տեխնոլոգիական) նկատի ուներ՝ ցավոք, այդպես էլ չիմացվեց։
21-րդ դարը սկսվեց ու շարունակվեց ոչնչապաշտության տաղտուկի մեջ՝ միտքն ու բանականությունը թողնելով կենացի ծեքծեքումներում։
Ի դեպ, հետաքրքիր է, խնջույքի ընթացքում ոչ մի բառ չհնչեց արդեն ավելի քան կես տարի շրջափակված Արցախի ու սովի մատնված արցախցիների մասին։ Թամադան չպետք է խախտի հարեւանների տարածքային ամբողջականությունը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։