Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (NCDC) հրապարակել է ամառային տապից պաշտպանվելու խորհուրդներ։
ՀՎԿԱԿ-ի հաղորդմամբ՝ առավել խոցելի խմբերն են 65 եւ բարձր տարիքի անձինք, մանկահասակ երեխաները, ավելորդ քաշ ունեցող, գերծանրաբեռնված աշխատանք կատարող, հաշմանդություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք։
ՀՎԿԱԿ-ը հորդորում է օրական առնվազն երկու անգամ այցելել մեծահասակներին կամ խոսել նրանց հետ՝ պարզելու արդյոք առկա են ջերմային հարվածի նշաններ, թե ոչ։ Մանկահասակ երեխաներին անհրաժեշտ է առավել հաճախ ուշադրություն դարձնել։
Անհրաժեշտ է օգտագործել սովորականից շատ հեղուկներ, հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը։ Պետք է խուսափել կոֆեին, շաքար եւ ալկոհոլ պարունակող ըմպելիքներից։ Շաքարային դիաբետ, սրտանոթային համակարգի հիվանդություններ կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո։