ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում հրատարակվող The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթն այս աշնանը նշելու է հիմնադրման 90-ամյակը։
Նախատեսված են երկու միջոցառումներ՝ պանելային քննարկում եւ գալա ընթրիք, որոնց ընթացքում կլինեն թերթի կարիքներին ուղղված դրամահավաքներ։
Երկօրյա տոնակատարությունը հարգանքի տուրք է ամերիկահայ համայնքում թերթի երկարամյա ներկայությանը եւ նպատակ ունի հանրության ուշադրությունը սեւեռելու Արցախում ստեղծված ծանր կացության վրա։
«Հայաստանի եւ Արցախի ԶԼՄ-ների լուսաբանումն այսօր» թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են ճանաչված լրագրողներ Դեյվիդ Իգնատիուսը (The Washington Post), Քեն Դիլանյանը (NBC News), Էրիկ Հակոբյանը (CivilNet) եւ Ամբերին Զամանը (Al-Monitor)։
Շաբաթաթերթը լույս է տեսնում 1930-ականների սկզբից։ Ամերիկահայերի առաջին անգլալեզու պարբերականն է, որը հիմնադրել է Ռամկավար-ազատական կուսակցության (ՌԱԿ) «Պայքար» ընկերակցությունը։
«Ալիք Մեդիայի» խմբագրակազմը շնորհավորում է The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթի գործընկերներին հոբելյանի առիթով։