«Թուրքիան դարձել է մի երկիր, որի քայլերին հետեւում են, որի արածներին հետեւում են, եւ այսուհետ խաղը նախաձեռնող դերակատար է»,- օգոստոսի 8-ին Անկարայում կայացած Դեսպանների 14-րդ խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթի՝ Բեշթեփեյի համալիրում կազմակերպված ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահը ծավալուն ելույթ է ունեցել եւ ասել, որ «Հզոր լինելը [Թուրքիայի համար] ոչ թե նախընտրություն է, այլ պարտավորություն»։
«Մեր նպատակն է խաղաղության, կայունության ու բարգավաճման գոտի ստեղծել մեր երկրի շուրջը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը պիտի լինեն այն ամենակարեւոր երկու միջոցները, որոնք մեզ պիտի առաջնորդեն այս նպատակներին»,-ասել է նախագահ Էրդողանը։
Նա դեսպաններին խորհուրդ է տվել հույսը չդնել միայն ուժի վրա, այլ հետեւողականորեն ընդլայնել բարեկամների շրջանակը։
«Մենք որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ անլուծելի հարց չունենք։ Պատրաստ ենք բոլորի հետ հանդիպելու, խոսելու եւ փոխադարձ քայլեր անելու։ Ակնկալում եմ, որ դուք էլ շփումների ընթացքում միշտ առաջնորդվեք այս սկզբունքով»,- ասել է նա։
Էրդողանը հատուկ անդրադարձ է արել Հարավային Կովկասի քաղաքական իրադրությանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի աջակցությամբ 2020 թվականին շահած պատերազմով Ադրբեջանը երկու հարց է լուծել՝ Ղարաբաղը 30 տարի անց անկախացել է, եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լավ հնարավորություն է ստեղծվել։