Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին կոչ է արել «կուլ չգնալու հայկական կեղծ քարոզչությանը»։ Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի գործողությունները կանխելու համար Ադրբեջանը սահմանային անցակետ է ստեղծել Լաչինում, ինչպես նաեւ առաջարկել է տրանսպորտի համար օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
Նա հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ միաձայն մերժել է անցակետը փակելու Հայաստանի խնդրանքը։ Հաջիզադեն հավաստիացրել է, որ Ադրբեջանը հեշտացնում է հայ բնակիչների փոխադրումները երկու ուղղություններով: «Ավելի նպատակահարմար կլինի կոչ անել Հայաստանին ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերելու՝ խաղաղության գործընթացը խաթարելու փոխարեն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Օգոստոսի 9-ին ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: