Meduza-ն հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Yandex տաքսի ծառայության տվյալների շուրջօրյա հասանելիություն կստանա, ներառյալ Ռուսաստանից դուրս ճանապարհորդությունները: Վտանգված են շատ երկրների բնակիչներ Հայաստանից եւ Վրաստանից մինչեւ Իսրայել եւ Ֆինլանդիա. վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի շարքային աշխատակիցները սկսել են հետաքրքրվել ղեկավարությունից՝ հատկապես որտեղ են պահվում Ռուսաստանից դուրս տաքսիների ուղեւորությունների տվյալները: Չնայած պատերազմին՝ ծառայությունը (սովորաբար Yango եւ Yandex Go անվանումներով) դեռ գործում է աշխարհի ավելի քան 20 երկրում, դրանց թվում՝ Իսրայելում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելառուսում, Ղազախստանում, Վրաստանում եւ Հայաստանում։
Աշխատակիցների եւ ղեկավարության նամակագրությունը (հասանելի է Meduza-ին) սկսվել է այն բանից հետո, երբ ФСБ-ին է տրամադրվել շուրջօրյա մուտք կազմակերպիչների ռեգիստրում մուտքագրված տաքսի ծառայությունների տվյալների բազաներ (նախկինում նման տվյալները տրամադրվում էին միայն հատուկ հարցումով): Ռուսական բոլոր տաքսի ծառայություններից այս ռեգիստրում առայժմ ընդգրկված է միայն Yandex Go-ն։ Այն, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կկարողանա մուտք գործել Yandex տաքսի ծառայության տվյալների բազա, անհանգստացրել է Yandex Go-ից օգտվող արտասահմանյան հաճախորդներին, եւ նրանք փորձել են պարզաբանել իրավիճակը ընկերության աջակցության ծառայության հետ:
Աշխատակիցներն իրենց հերթին գրել են ղեկավարությանը. «Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում հաճախորդների տվյալները»: Կառավարման ներկայացուցիչը պատասխանել է, որ Yandex Go-ի եւ Yango-ի տվյալները պահվում են Ռուսաստանում, եւ խնդրել է «հաճախորդների հետ զրույցներում խուսափել տվյալների կենտրոնների ներկայիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ նշելուց»։ «Yango-ի բոլոր տվյալների բազաները Ռուսաստանում են: Միջազգային եւ ռուսական մասերի ֆիզիկական կամ տրամաբանական բաժանում չկա»,- ասված է պատասխան նամակում։
Այդ նամակի հրապարակումից հետո Yandex-ը Meduza-ին հայտնել է, որ «ներկայի ծանրաբեռնված ինտերնետ ծառայությունների մեծ մասը նախագծված է այնպես, որ տվյալների բազմաթիվ կոդավորված պատճեններ պահվում են տվյալների տարբեր կենտրոններում». տվյալներ այն երկրների մասին, որտեղ գործում է ծառայությունը: Տվյալների հասանելիության հարցումն արվում է բացառապես աշխարհագրական հիմունքներով՝ տեղական օրենքներով սահմանված ընթացակարգերի համաձայն:
Իսկ ի՞նչ տվյալների հասանելիություն կստանան Ռուսաստանի հատուկ ծառայությունները
Տեսականորեն՝ այն ամբողջ տեղեկատվությանը, որը հավաքում է տաքսի ծառայությունը։ Yango-ի գաղտնիության ծանուցումը տրամադրում է նման տվյալների մանրամասն ցանկ: Սա ներառում է ավտոմատ կերպով հավաքված տեխնիկական տեղեկություններ: Դիցուք՝ IP հասցե, սարքի նույնացուցիչ, դրա տեսակը եւ նմուշը, օգտագործվող օպերացիոն համակարգը, տեղեկություններ բրաուզերների կամ բջջային հավելվածների մասին։ Միաժամանակ հասանելի են դառնում նաեւ ուղեւորի՝ «Յանդեքս» ընկերությանը տրամադրած անձնական տվյալները՝ անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյլաները, ծառայությունից օգտվողների մեկնաբանությունները, եւ որ ամենակարեւորն է՝ ուղեւորությունների հասցեներն ու ժամանման օրերն ու ժամերը՝ վայրկյանի ճշտությամբ։
Միեւնույն ժամանակ, Yandex-ը վստահեցրել է, որ «ուղեւորությունների վերաբերյալ տվյալներ կարող են ստանալ միայն այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ կատարվել է ուղեւորությունը՝ տեղական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն»: Սեպտեմբերի 1-ից հետո «այս տրամաբանությունը չի փոխվի»,- խոստացել են ընկերությունից։