Թուրքիայի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 9-ի երեկոյան անցկացված նիստում քննարկել է Ուկրաինայում իրավիճակը, հակամարտողներին կոչ արել վերսկսելու բանակցային գործընթացը: Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է նաեւ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը: Ընդգծվել է, որ հացահատիկի համաձայնագրին վերադառնալը կկանխի կարիքավոր երկրների համար հնարավոր բացասական հետեւանքներն ու կնպաստի պարենային կայունությանը:
Մանրամասն քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ընթացքը եւ հետագա փուլերում մեր տարածաշրջանի համար դրա հնարավոր հետեւանքները, հայտարարվել է, որ Սեւ ծովում լարվածության սրումը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին։ Բոլոր կողմերին առաջարկվել է անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ դադարեցնել պատերազմը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսին ծրագրվող բանակցությունների ընթացքում մտադիր է առաջարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների վերսկսում շուտափույթ հրադադարի հաստատման համար: