Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր գրառման մեջ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Զուրաբիշվիլին գրել է՝ ագրեսոր եւ օկուպանտ Ռուսաստանը պատերազմից 15 տարի անց շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքները։ «Ռուսաստանը ագրեսոր եւ օկուպանտ է: 2008 թվականի պատերազմից 15 տարի անց նա դեռ զբաղեցնում է մեր տարածքի 20 տոկոսը եւ խախտում բոլոր սկզբունքները։ Վրաստանը կպաշտպանի իր եվրոպական ուղին, խաղաղ ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը եւ հաստատակամ կլինի ապակայունացման ցանկացած փորձի դեմ»,- ընդգծել է Զուրաբիշվիլին:
2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի եւ Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների, ռուսական քարոզչություն է Վրաստանին պատերազմը սկսելու համար մեղավոր համարելու ձգտմամբ:
Ուշագրավ է, որ բացի Վրաստանի ԱԳՆ-ից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի ԱԳՆ-ն, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը, Վրաստանի հանրային պաշտպան Լեւան Իոսելիանին եւ այլք: