Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել երկրի արեւելքում կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումների վերաբերյալ:
Գուտերիշը նշել է, որ ՄԱԿ-ը խրախուսում է «Նորմանդական քառյակ»-ի (Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խմբի) շրջանակում Մինսկի համաձայնագրի ամբողջական իրագործման ուղղությամբ ջանքերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Կիեւի քայլերը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գուտերիշին՝ այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ Անտոնիու Գուտերիշը ողջունել է Վլադիմիր Պուտինին Դոնբասի «ցանկացած կետում» հանդիպելու համար Ուկրաինայի նախագահի կոչը:
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի հետ հակամարտության խնդրի քննարկման շուրջ հանդիպման առաջարկով հանդես է եկել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:
Կրավչուկը նշել է, որ բավական ասելիք ունի Վլադիմիր Պուտինին եւ լուրջ առաջարկներ՝ Կրեմլի քաղաքագետներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում նշել է, որ Պուտինը ստացել է Զելենսկու առաջարկը, սակայն դեռ չի հասցրել հանգամանորեն ծանոթանալ փաստաթղթին: