Ըստ BBC գործակալության՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի բանակցությունների արդյունքները ցույց են տալիս, որ հետզհետե ավելի ու ավելի են հեռանում Պեկինի եւ Մոսկվայի տեսակետներն այն հարցում, թե ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
Երկու նախարարների հեռախոսազրույցը եղել է օգոստոսի 9-ին՝ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէր, իսկ Չինաստանի ներկայացուցչի ժամանումը, ընդհակառակը, ողջունվեց եւ համարվեց բեկումնային։ ISW-ն նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ի զեկույցներում Լավրովի եւ Վան Յիի զրույցը տարբեր կերպ է ներկայացվել:
Ռուսական ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները «քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք թեմաներ, դրանց թվում՝ ուկրաինական ճգնաժամը»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կողմերը «կարծիքներ են փոխանակել» պատերազմի վերաբերյալ։
«Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը կպահպանի անկախ եւ անկողմնակալ դիրքորոշում ուկրաինական հարցում, կշարունակի արտահայտել օբյեկտիվ եւ ռացիոնալ կարծիք, ակտիվորեն խթանել խաղաղ բանակցությունները եւ քաղաքական լուծում փնտրել ցանկացած միջազգային իրադարձության ժամանակ»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բանակցությունների արդյունքների նկարագրության նման անհամապատասխանությունները կարող են վկայել այն մասին, որ Կրեմլը դժգոհ է Չինաստանի ջանքերից՝ իր խաղաղության ծրագիրը միջազգային հարթակներում առաջ մղելու համար։ Դա համահունչ է ISW-ի նախկին գնահատականներին, ըստ որոնց՝ Չինաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ «անսահմանափակ գործընկերությամբ», ինչպես ցանկանում է Մոսկվան։