Գնալով ավելի հստակ պատասխան է պահանջելու հարցը, թե ինչպես է Հայաստանը կազմակերպում/կազմակերպելու իր հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ նրանց միջեւ առկա սուր հակամարտության պարագայում։
Այդ մասին էր «Ֆրանս պրեսի» հարցը Փաշինյանին, որին նա հստակ պատասխան չտվեց։ Պատասխանից խուսափելը հեշտացնելու նպատակով ասաց, թե Հայաստանը գտնվում է ոչ թե Ռուսաստանի ու Արեւմուտքի, այլ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ։ Ճիշտ է, երկար սար ու ձոր ընկնելուց, պատմական խիստ վիճելի էքսկուրս կատարելուց հետո ստիպված էր ընդունել աշխարհաքաղաքական կենտրոնների կարեւորությունը, բայց, ակնհայտ էր, հստակ պատասխան հնչեցնել չի ցանկանում։
Փաստ է՝ Հայաստանի հարեւանները Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Իրանն են։ Հետեւաբար Հայաստանն առաջին հերթին պետք է այս հարեւանների հետ հստակեցնի իր հարաբերությունները եւ իր շահերը հարմարեցնի-տեղավորի (վաղուց պետք է տեղավորած լիներ) նրանց շահերի համատեքստում։ Սրանից, սակայն, չի հետեւում, թե Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք միջակայքում չէ եւ կարող է դուրս լինել այս կենտրոնների միջեւ ընթացող հակամարտությունից։ Մեզնից կողմնորոշվել են պահանջելու։ «Ֆրանս պրես»-ի հարցը հենց այդ մասին էր։ Հայաստանն, ուզի թե չուզի, այդ հստակ հարցին պետք է տա հստակ պատասխան։ Որքան հակամարտությունը խորանա, այնքան ավելի հրամայական է այդ հարցը հնչելու։
Իսկ հակամարտությունն, ըստ ամենայնի, ոչ միայն խորանում, այլեւ ընդլայնման միտումներ է ցուցաբերում։ Հուլիսի 21-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում Պուտինի ելույթը սրա վկայությունն է։ Առաջին անգամ նա խոսեց ՆԱՏՕ-ի հետ հնարավոր պատերազմի առիթի (casus belli) մասին։ Հայտարարեց, թե Լեհաստանը «երազում է գրավել Բելառուսի տարածքները», ինչը Ռուսաստանը դիտարկելու է որպես հարձակում իր վրա եւ պաշտպանվելու է «բոլոր հնարավոր միջոցներով»։
Այդ օրվա նրա 10 րոպեանոց ելույթն ամբողջությամբ հնարավոր մեծ պատերազմին պատրաստվելու մասին էր։ Իսկ արդեն օգոստոսի 1-ին բելառուսական ռազմական ուղղաթիռները հատեցին Լեհաստանի օդային տարածքը, ինչին հետեւեց ԱՄՆ-ի սուր արձագանքը, ապա լեհական կողմը հայտարարեց, որ հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով Բելառուս-Լեհաստան սահմանին մեծացնում է իր ռազմական ներկայությունը։
Ինչ կծագի սրանից՝ հայտնի չէ, բայց հստակ է՝ Ռուսաստանը սրացման է գնում։ Ռուսական քարոզչական միջոցներով, պառլամենտի, կառավարության ու նախագահի մակարդակով շարունակում են արդարացնել Ուկրաինայի դեմ ոչնչով չպատճառաբանված պատերազմը։ Պնդում են, թե չկա Ուկրաինա պետություն, թե այն հորինվածք է, թե չկա ուկրաինացի ժողովուրդ։
Նման անտրամաբանական քարոզչությունը, ցինիզմը, բացահայտ սուտն ու կեղծիքը, հարեւանների (ոչ միայն ուկրաինացիների) նկատմամբ մեծապետական ու շովինիստական մոտեցումներն ու անթաքույց կայսերական նկրտումները, որ դրսեւորում է Ռուսաստանը, ոչնչով չհիմնավորված հայտարարությունները, թե Արեւմուտքը Ռուսաստանը ոչնչացնելու ծրագիր ունի, հակամարտության խորացման օգտին են խոսում։
Այս իրավիճակում հստակ դիրքավորվել ստիպված են բոլոր երկրները։ Իսկ դիրքավորման առանցքը Ուկրաինան է։ Խորամանկել, երկակի խաղ խաղալ ոչ ոք չի կարողանալու։ Մեր հարեւաններն, օրինակ, վաղուց են դիրքավորվել։
Իրանը հստակ կողմնորոշված է հօգուտ Ռուսաստանի։
Վրաստանը դատապարտել է ռուսական ագրեսիան, ինչպես նաեւ Ուկրաինայի օկուպացված տարածքներում նրա կազմակերպած անօրինական հանրաքվեները։
Միջազգային ասպարեզում ծանրակշիռ դերակատար, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մասնակցում է Ուկրաինային զինելու գործին, հանդես է գալիս ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու պահանջով, բայց նաեւ յուրօրինակ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, ինչի շնորհիվ Արեւմուտք-Ռուսաստան երկխոսության հնարավոր խողովակներից մեկն է։
Ադրբեջանը մշտապես հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման օգտին։ Ռուսական հարձակումից ի վեր Ալիեւը քանիցս կապ է հաստատել Զելենսկու հետ, իսկ հուլիսի 17-ին Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու մասին որոշում ստորագրեց։
Տարածաշրջանի միակ երկիրը Հայաստանն է, որ հստակ տեսակետ չի արտահայտել։ Խոսքը հակառուսական դիրքերից հանդես գալու եւ Ռուսաստանին դատապարտելու մասին չէ։ Ադրբեջանը նույնպես Ռուսաստանին դատապարտող հայտարարություն չի արել։ Խոսքը միջազգային նորմերի համատեքստում ճիշտ դիրքավորվելու մասին է։ Օգտակար կլինեն նաեւ հումանիտար բնույթի նախաձեռնությունները։
Փոխարենը, ըստ Bloomberg-ի ուսումնասիրությունների, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան ռազմական նպատակներով օգտագործվող կիսահաղորդիչների աշխարհի չորրորդ խոշորագույն արտահանողը։
Մեր երկիրը դրսի աչքերում շարունակում է մնալ որպես Ռուսաստանի կցորդ։ Վաղը, երբ կգա հաշիվ տալու ժամանակը, մեր հարեւանները, որոնց միջավայրում ապրում ենք, որոնց թվարկում էր Փաշինյանը, իրենց ասելիքը կունենան։ Իր ասելիքը, հաշվի առնելով հնարավորությունները, կունենա նաեւ Իրանը։ Իսկ թե ինչ է ասելու Հայաստանը, ինչով է պատճառաբանելու տեսակետ ու դիրքորոշում չունենալը, ավելին՝ ագրեսորին պատժամիջոցները շրջանցելու գործում աջակցելը, հայտնի չէ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։