ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ավելի քան հարյուր կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է հայերի ցեղասպանության առաջին օրերի 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած 1,5 միլիոն հայերի սպանություններն ու ավելի քան մեկ միլիոնի տեղահանումները։ Տասնամյակներ շարունակ, երբ աշխարհի առաջնորդները ճանաչել են 20-րդ դարի առաջին այդ ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանել»,- ասված է Սպիտակ տան ղեկավար Բայդենին հասցեագրված ամերիկացի օրենսդիրների նամակում։
«Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում, «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տեւում, ինչին պետք է վերջ դրվի»,- հիշեցրել են կոնգրեսականները՝ կոչ անելով Սպիտակ տան ղեկավարին կատարել խոստումը եւ ասել ճշմարտությունը։
Նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել էր 2019-ի դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ամերիկյան Սենատի թիվ 150 բանաձեւի ընդունումը:
«Եթե լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, «այլեւս երբեք» բանաձեւը կկորցնի իր ամբողջ իմաստը»,- հայտարարել էր Ջո Բայդենը եւ 2020-ի ապրիլին խոստացել նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: