Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Շիրակի մարզում Կապսի ջրամբարն է կառուցում: Ջրամբարի կառուցումը վերսկսելու անհաջող փորձեր եւ խոստումներ շատ են եղել: Որ այս անգամ կկառուցվի, մարդիկ չէին հավատում:
1980-ականների կեսից մեկնարկած, 1993-ին դադարեցված շինաշխատանքները վերսկսվել են այս տարվա մայիսից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 95.2 մլն եվրո է: Արդեն անհաս երազանք դարձած ջրամբարը կառուցելու համար Կառավարությունը KFW բանկից 68.5 մլն եվրոյի վարկ է վերցրել, մնացած 26.7 մլն եվրոն էլ ինքն է տրամադրել։ Սակայն լրացուցիչ՝ մոտավորապես 20-25 մլն եվրո կպահանջվի։
Բացի այդ՝ հինգ միլիարդ դրամ էլ Կառավարությունը հատկացրել է կառուցվելիք ջրամբարի տարածքում գտնվող Ջրաձոր համայնքը «տեղափոխելու» նպատակով. 340 ջրաձորցիների համար հարեւանությամբ նոր գյուղ է կառուցվելու:
Կապսի ջրամբարի կառուցողը չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունն է, որն ամբողջ աշխարհում ջրամբարներ կառուցելու մեծ փորձ ունի:
Չինական ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վան Ջու Ցյան ասում է՝ 34 ամիս ժամանակ ունեն, մինչեւ տարեվերջ հողահարթեցում կանեն, ձմեռն էլ չեն հանգստանա. թունելային աշխատանքներն են անելու: 34 ամիսը, սակայն, առաջին փուլի համար է նախատեսված, երկրորդի համար հստակ ժամկետներ չկան: Առաջին՝ հիմնական ու ամենածավալուն փուլով 25 մլն խորանարդ ծավալով ջուր է կուտակվելու, երկրորդով 60 մլն խորանարդի կհասցվի:
Առաջին փուլի ավարտից հետո շուրջ 17 հազար հեկտար հողատարածքի ոռոգման ջուր կհասցվի, 2280 հեկտար հողատարածքի մեխանիկական ոռոգումն էլ կարվի ինքնահոս եղանակով՝ տարեկան խնայելով 1.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Եթե ժամանակից առաջ ընկնենք եւ ենթադրենք, որ երկրորդ փուլն էլ կավարտվի, հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնելու եւս 920 հեկտարով: Անգամ հարեւան Արագածոտնի մարզին կօգնենք. ինքնահոս եղանակով ոռոգելի կդարձվի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հեկտար հողատարածք:
Շիրակի մարզում ջրային ռեսուրսների պակասի եւ եղածը անտեղի վատնելու խնդիրներին «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։