Ամերիկյան եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցները ողողված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման ՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման վերաբերյալ հակասական տեղեկություններով:
Այսպես, Սպիտակ տան ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները The New York Times-ին հայտնել են, որ նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում մտադիր է հայտարարել՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանական գործողություններ են եղել:
«Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները սպառնալիքի տակ դնելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:
Ամերիկյան CNN-ի երկու անանուն աղբյուրներ եւս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը:
«Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ազդանշաններ են հղել վարչակազմից դուրս դաշնակիցներին, որոնք նախագահից ցեղասպանության ճանաչման պաշտոնական հայտարարություն էին ակնկալում»,- գրում է CNN-ը՝ հավելելով, որ Սպիտակ տունը հրաժարվել է այս առթիվ մեկնաբանություն տալուց:
Միեւնույն ժամանակ, ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի, վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միանշանակորեն կարող է բավարարվել ձեւական հայտարարությամբ, որում ցեղասպանության՝ երկար սպասված պաշտոնական ճանաչումը չի արձանագրվի:
The Wall Street Journal-ը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները նկատելիորեն կփչանան: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը դեռ չի մեկնաբանել ԶԼՄ տեղեկությունները:
Ցեղասպանության ճանաչմանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձել է արաբական Al-Jazeera-ն՝ ընդգծելով, որ Բայդենի՝ առավելապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը էլ ավելի կլարի Անկարայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմը սրա մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:
Ըստ Reuters գործակալության՝ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհում տեղի կունենան ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենը ամենայն հավանականությամբ կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: