Ռուսական Little Big խումբը հայտարարել է, որ օգոստոսի 12-ին Երեւանում նախատեսված իր համերգը չեղարկվել է։ «Պատճառն անվտանգության սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը տեղի կունենա առանց միջադեպերի»,– նշված է խմբի ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Մենք շատ ենք ցավում ստեղծված իրավիճակի համար եւ ներողություն ենք խնդրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ներկա լինել մեր համերգին»,– նշված է հայտարարությունում։ Նշվում է, որ տոմսերի գումարը կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված քարտի հաշվին 14 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Հայաստանի 1257 քաղաքացիներ միացել էին ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջվում էր Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել եւ չեղարկել օգոստոսի 12–ին Երեւանում անցկացվելիք նրա համերգը. Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծնունդի օրը քահանայի հագուստով անարգել էր քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները եւ վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները: