ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը հետագայում կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ նամակով դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ։ Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ օգոստոսի 9-ին զրուցել է տեսակապով եւ ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ ներկայում Ադրբեջանը ԼՂ-ում իրականացնում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, եւ միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։
Մարուքյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի արձագանքին (ադրբեջանցի պաշտոնյան զեկույցը «կողմնակալ» է որակել)։ «Եթե զեկույցը կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, ապա Հիքմեթ Հաջիեւը եւ ամբողջ ադրբեջանական քարոզչությունը դրան երբեք ուշադրություն չէին դարձնի եւ իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի»,– գրել է Մարուքյանը։