Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ Կոնգրեսի՝ օտարերկրյա գործերով կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կոմիտեն աջակցել է անվտանգության բնագավառում Ուկրաինայի հետ համագործակցության 2021-ի օրինագծին (Ukraine Security Partnership Act of 2021):
Օրինագծի համաձայն՝ Միացյալ Նահանգները տարեկան 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային: Տարեկան եւս 4 միլիոն դոլար Կիեւին կտրամադրվի ուկրաինացի զինվորականների ռազմական պատրաստվածության համար:
Փաստաթուղթն անցած ամիս օրենսդիր մարմնի վերին պալատ է ներկայացվել հանրապետականներ Ջիմ Ռիշի, Ռոբ Փորթմանի, Ջոն Բարասոյի եւ դեմոկրատներ Ռոբերտ Մենենդեսի, Քրիս Մերֆիի եւ Ջին Շահինի նախաձեռնությամբ: Կոմիտեի ղեկավար Մենենդեսը հարցը հեռախոսով քննարկել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտի Կուլեբայի հետ:
Օրինագծի հեղինակները ԱՄՆ-ի վարչակազմին կոչ են արել եվրոպացի դաշնակիցների հետ Ուկրաինայի հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցերով հատուկ հանձնակատար նշանակելու:
Փաստաթուղթը դեռ պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաստատմանը:
Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ պաշտոնական Վաշինգտոնն օրինագիծը մշակել է Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում Ուկրաինային զենքի մատակարարման ծրագրի շրջանակում: