Շիրակի մարզի Այգաբաց գյուղի բնակիչներն ահազանգում են՝ կրծողները մոտ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են հացահատիկի հասած ցանքատարածքները:
Նման խնդրից խուսափելու նպատակով Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է 80 գրամ մկնդեղ: Վերահսկողությունը, սակայն, արդյունավետ չէ: Գյուղացին կարող է ստանալ հասանելիք թույնը, բայց ճիշտ չիրացնել կամ ընդհանրապես չօգտագործել ըստ նպատակի:
Ախուրյան համայնքի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ տեղում դիտարկել ու գույքագրել են հասցված վնասները: Ըստ արձանագրության՝ Այգաբացում 60-70 հեկտար ցորենի ցանքատարածություն ոչնչացվել է 100 տոկոսով, մոտ 100 հեկտարն էլ վնասվել է մասնակի:
«Կլինի՞ փոխհատուցում, թե՞ պարզապես գույքագրել են» հարցին նա պատասխանում է՝ փոխհատուցում նախատեսված չէ, նման դեպքերում երբեմն տուժած բնակիչներին որոշակի աջակցություն են ցուցաբերում բարեգործական կազմակերպություններ:
Տե՛ս նաեւ՝ Գյուղացին ցանի, մուկը՝ հնձի