Իրանի շուրջ քաղաքական զարգացումների առանցքը շարունակում է լինել Միջուկային ծրագրին վերադառնալուն միտված Իրան-ԱՄՆ ոչ անմիջական բանակցությունների հարցը։ Այդպիսի բանակցությունների երկու փուլ կյանքի կոչվեց Վիեննայում։ Վերջին օրերին տեղի ունեցած երկրորդ փուլից հետո կողմերը լավատեսական կարծիքներ են հայտնել գործընթացի վերաբերյալ։
Միջուկային ծրագրի ճակատագիրն անորոշ էր 2018-ից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն լքեց պայմանագիրն ու նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց եւ ամերիկյան նոր վարչակազմի ձեւավորումից հետո Իրանում ԱՄՆ-ի կողմից գործուն քայլերի ակնկալիք էր ձեւավորվել, թեեւ երկուստեք միմյանցից առաջին քայլն անելու պարտավորության մասին էին ակնարկում։
Իրանը շեշտում էր, որ առաջին քայլը պիտի անի այն կողմը, որը լքել է պայմանագիրը, իսկ ԱՄՆ-ն պնդում էր, որ Իրանը նախ պիտի վերադառնա Միջուկային ծրագրով նախատեսված իր պարտավորություններին․ խոսքը հատկապես ուրանի հարստացման թույլատրելի սահմանների մասին է։
Միջուկային ծրագիրը Իրանի համար 3․67 տոկոսի սահմանափակում էր ամրագրել ուրանի հարստացման համար, իսկ 2018-ից հետո Իրանը պարբերաբար խոսել է ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու իր նպատակի եւ այդ ուղղությամբ արված քայլերի մասին։
Բայդենի վարչակազմին ավելի արագ ու ավելի գործուն քայլերի դրդելու համատեքստում կարելի է դիտարկել եւ՛ պարբերաբար շատ կոշտ հայտարարությունները Իրանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից, եւ՛ այն քայլերը, որ Իրանը ձեռնարկեց այս ընթացքում իր «Հայացք դեպի Արեւելք» քաղաքականության ուղղությամբ։
Մասնավորապես, Իրանի Մաջլեսի նախագահ Ղալիբաֆի այցը Մոսկվա ու նրա հայտարարությունը Իրանի՝ ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալու նպատակի մասին, ինչպես նաեւ Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը։
Մյուս կողմից, հաշվի առնելով հունիսին Իրանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հանգամանքն ու պահպանողական թեւի ներկայացուցիչ թեկնածուի հաղթանակի մեծ հավանականությունը, ԱՄՆ-ն նույնպես պիտի շահագրգռված լիներ չհետաձգել բանակցությունների հնարավորությունը։
Ի վերջո, վերջին ամսվա ընթացքում երկու փուլով ոչ անմիջական բանակցություններ անցկացվեցին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ Միջուկային ծրագիրը ստորագրած մյուս երկրների՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ Գերմանիայի միջնորդությամբ։
Վիեննայում անցկացվող բանակցությունների առաջին փուլից հետո մասնակիցները հույս հայտնեցին, որ կարելի է շարունակել անուղղակի երկխոսությունը, իսկ ապրիլի 21-ին ավարտված երկրորդ փուլից հետո համոզմունք հայտնեցին, որ մոտենում են համաձայնության եզրափակիչ դրույթներին։
Բանակցությունների երկրորդ փուլից առաջ՝ ապրիլի 12-ին, վթար տեղի ունեցավ Իրանի Նաթանզի միջուկային կենտրոնում, որն իրանական կողմը միջուկային ահաբեկչություն որակեց ու Իսրայելին վերագրեց․ այդպիսով, Իսրայելը, ըստ իրանական կողմի, ցանկանում էր կասեցնել բանակցությունները։ Սրան ի պատասխան՝ Իրանի նախագահ Ռուհանին հայտարարեց, որ շարունակելու են իրենց «ակն ընդ ական» քաղաքականությունը ու առաջիկայում պատրաստվում են ուրանը հարստացնելու մինչեւ 60 տոկոս։
Միաժամանակ, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի աշխատակազմը ապրիլի 9-ին հրապարակել էր առկա սպառնալիքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Իրանի վարած քաղաքականությունն առհասարակ ու նրա՝ Միջուկային ծրագրով նախատեսված պարտավորությունները չկատարելը համարել էր անմիջական սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Զեկույցը փաստում էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը միջուկային ոլորտում ձեռնարկած իր քայլերը պայմանավորում է ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ, եթե ԱՄՆ-ն չվերադառնա Միջուկային ծրագրին, ապա մեծ է հավանականությունը, որ կյանքի կկոչվեն ուրանի՝ մինչեւ 60 տոկոսի հարստացումն ու նոր, 40 մեգավատտ հզորությամբ ծանր ջրային ռեակտորի կառուցումը։
Այսպիսով, մի կողմից մթնոլորտը Միջուկային ծրագրի շուրջ ավելի շիկացել էր, մյուս կողմից երկուստեք կար ընկալում, որ բանակցություններն այլընտրանք չեն թողնում։
Վիեննայում քննարկումներն ընթանում էին երկու աշխատանքային խմբի միջոցով. մեկը քննարկում է Իրանի պատժամիջոցների վերացման մասին հարցերը, մյուսը՝ Իրանի՝ միջուկային պարտավորությունները կատարելու խնդիրները։ Բանակցությունների ավարտին խոսվել է նաեւ երրորդ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակադրման մասին՝ առաջին երկուսի աշխատանքները համադրելու առաքելությամբ։
Իրանը պահանջում է նախ վերացնել բոլոր պատժամիջոցները եւ դեմ է հարցի՝ փուլերով լուծման տարբերակին։ Իրանը բոլոր պատժամիջոցների վերացումից, խորհրդանշական ծավալի նավթի արտահանումից եւ, որ ամենակարեւորն է, նոր նավթային գործարքներ կնքելուց հետո միայն կհամաձայնի վերադառնալ Միջուկային ծրագրով նախատեսված իր սահմանափակումներին։
Վիեննայից եկող արձագանքներից դատելով՝ կողմերին հաջողվել է պայմանավորվել այս հարցերի շուրջ, դրա մասին ասել են գրեթե բոլոր մասնակիցները, իսկ Իրանի նախագահը փաստել է, որ հարցերի 60-70 տոկոսը լուծել են բանակցությունների ընթացքում․ ուրանի՝ մինչեւ 60 տոկոս հարստացման ծրագիրն, ուրեմն, կարող է իրականություն չդառնալ։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։