Օգոստոսի 12-ին ամենաերիտասարդական տոնը Հայաստանի երկրորդ քաղաքում է համախմբելու բազմաթիվ երիտասարդների:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն դեռեւս 2015 թվականից Գյումրիում անցկացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
Կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց, որ Երիտասարդության օրը պատշաճ տոնելը նպատակ ունի ամբողջ աշխարհի կառավարությունների առաջ երիտասարդների օրակարգը դարձնելու առաջնահերթություն եւ վերհանելու նրանց հիմնահարցերը որպես կարեւորություն:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի եւ Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ Եվրամիության «Դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակում հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումներ անցկացնելու նախաձեռնությամբ։
Միջոցառումները կմեկնարկեն հեծանվարշավով, որը կսկսվի Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից եւ կավարտվի Վարդանանց հրապարակում:
Հեծանվարշավին կհաջորդի Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի մասին իրազեկումը: Այստեղ Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցները կներկայացնեն ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները, կանցկացվի վիկտորինա, եւ հաղթողները կստանան մրցանակներ։
Միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի Աբովյան փողոցում կայանալիք բացօթյա համերգով: