Քրեական վարույթով հսկող դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները, որոշել է դրանք մերժել: Դատախազությունում նշել են, որ քրեական վարույթով անցկացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու եւ հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Դատախազը համարել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում եւ թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:
Ավելի վաղ, ի պաշտպանություն Արմեն եւ Սերգեյ Սմբատյանների, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, բաց նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին` hույս հայտնելով, որ ծագած իրավիճակը կպարզվի։ Երաժիշտը նամակում վստահեցրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետեւողականորեն ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում ներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի սահմաններից դուրս սոսկալի վնաս է հասցնում Հայաստանի ժամանակակից երաժշտարվեստին եւ առհասարակ հայկական մշակույթին։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: