ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում։
Օգոստոսի 10-ին դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Բժիշկներին չի հաջողվել փրկել զինծառայողի կյանքը:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ օգոստոսի 11-ին՝ 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: