«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, օգոստոսի 12-ին Գյումրիում անցկացրեց տարաբնույթ հանրային միջոցառումներ։
Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվարշավով, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական եւ կանաչ հմտությունների ձեւավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ նրանց դերի բարձրացումը։
«Բայք Լայֆ»-ի հեծանվորդների ուղեկցմամբ հեծանվարշավի մասնակիցները Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից շարժվեցին դեպի Աբովյան փողոց՝ երթի ընթացքում համաքաղաքացիներին տեղեկացնելով տոնի մասին, շնորհավորելով երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ինչպես նաեւ եւս մեկ անգամ հրավիրելով միջազգային դերակատարների եւ գործընկեր կառույցների ուշադրությունը Արցախում տիրող մարդասիրական աղետի վրա, կոչ անելով գործադրելու մեխանիզմներ Արցախի շուտափույթ ապաշրջափակման եւ մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար։
Հեծանվարշավին միացել են նաեւ «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ն, Գյումրու համայնքապետարանի, տարբեր կառույցների ներկայացուցիչներ եւ անհատներ։
Միջոցառումն իրականացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի եւ Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում։