«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ուղերձով Գյումրու Վարդանանց հրապարակում օգոստոսի 12-ին անցկացվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։
Փառատոնի հիմնադիրները Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն են, գլխավոր գործընկերը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, կազմակերպիչը` «Ճախրուկ» ՀԿ-ն։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով, որպես հատուկ հյուր, հանդես է եկել Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը։ Ելույթ են ունեցել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ինչպես նաեւ «Գյումրու երեխաների տուն», ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների եւ այլ հատուկ կրթահամալիրների սաներն ու արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։
Այս տարվա փառատոնին միացել է նաեւ Akneye նախաձեռնությունը, որը միջոցառման մասնակիցներին հնարավորություն է տվել նկարելու Akneye-ի խորհրդանշական աչքի վրա։ Պատկերն ամբողջական նկարելուց հետո կստեղծվեն դրանց NFT տարբերակները, եւ բարեգործական նպատակով դրանք կներկայացվեն վաճառքի։