Ըստ ադրբեջանական Azer News-ի՝ թյուրքալեզու երկրների խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը հայտարարել է, որ կազմակերպության Համագործակցության խորհուրդը նախատեսում է ապրիլին անցկացնել մեծ բիզնես ֆորում թյուրքալեզու երկրների ընկերությունների մասնակցությամբ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։
«Կարծում եմ, որ այս հանդիպման ընթացքում, որը կկազմակերպվի Թյուրքական խորհրդի եւ Ադրբեջանի ձեռներեցների ազգային կոնֆեդերացիայի կողմից, մենք կկարողանանք մեր երկրներից մեծ թվով ընկերություններ ներգրավել վերականգնման այդ աշխատանքներում:
Ուր էլ որ լինեմ, ինչ երկիր էլ որ այցելեմ, ես միշտ հանդիպում եմ գործարար համայնքի հետ եւ նրա ներկայացուցիչներին հորդորում եմ ակտիվորեն մասնակցել վերականգնման այս նախագծերին»,- ասել է Ամրեեւը:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ թյուրքալեզու պետությունների գործարար շրջանակները ակտիվ մասնակցություն կունենան նաեւ Ղարաբաղի ադրբեջանական հուշարձանների վերականգնման գործում: «Մենք ջանք չենք խնայի վերականգնելու Ղարաբաղի մշակութային կոթողները, որոնք ամբողջությամբ ավերվել են հայկական օկուպացիայի պատճառով»։