Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երեւանում գործող «Արեւ» սուպերմարկետում հայտնաբերել են ժամկետանց արտադրատեսակներ եւ ոչնչացրել դրանք։ ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեսչական մարմինն արագ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգին ու գնացել դրա հետքերով։
Ըստ ահազանգի` Երեւանի Չեխովի 52 հասցեում գործող «Արեւ» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր եւ այլն: Արագ արձագանքելով հաղորդագրությանը` ՍԱՏՄ Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգել են «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող իրացման օբյեկտն ու հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ 2 թեյ, մոտ 2 կգ բաստուրմա, եփած եւ ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա եւ սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, 4 էներգետիկ ըմպելիք եւ հյութ, մոտ 3,5 կգ պանիր։
Տեսչական մարմնից քաղաքացիներին հորդորում են պահանջատեր լինել եւ պիտանիության ժամկետի, սանիտարահիգիենիկ նորմերի, պատշաճ փաթեթավորման խախտումներ նկատելու դեպքում ահազանգել 118 թեժ գծով կամ գրել ՍԱՏՄ–ի սոցցանցային էջերին։