ՀՀ բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը հայտարարել է, որ Սեւանի հույսին չմնալու համար Հայաստանը բավարար ջրային ռեսուրսներ ունի, սակայն անխնա օգտագործում է եւ արհեստականորեն իջեցնում լճի մակարդակը։ Նա շեշտել է, որ Հայաստանում ոչ թե ջրային ռեսուրսի ճգնաժամ է, ինչպես նշում են լրատվամիջոցները, այլ ջրի կառավարման ճգնաժամ։ Մասնավորապես, ըստ նրա, ոռոգման ջրի 60-70 տոկոսը իր նպատակին չի ծառայում, ջուրը տեղ չի հասնում։ Հետեւաբար պետք է խնդիրը լուծել եւ ոռոգման ցանցը նորոգել։
«Ինչքան հնարավոր է ջուրը պետք է տանել փակ եղանակով։ Մեր կլիմայական պայմաններում հսկայական քանակով ջուր է գոլորշիանում։ Սեւան մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է։ Եվ ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշիացման ավելացման կամ պակասեցման, դա մեր ձեռքում չէ։ Բնությունն իր օրենքներն ունի»,– ընդգծել է փորձագետը։ Նա մեկ այլ օրինակ է բերել՝ նշելով, որ Արփա–Սեւանը 2010-2017 թվականներին չի աշխատել, այդ 7 տարվա ընթացքում Սեւան կարող էր մտնել ահռելի քանակության՝ 1.7 միլիարդ խորանարդ մետր ջուր։ Նա ցավով նկատել է, որ ՀՀ-ում առհասարակ ջրերը անտեղի հոսում են։
«Ջրի կառավարման հարցում թերացման մեկ այլ օրինակ․ Հայաստանը չի օգտագործում Ախուրյանի ջրամբարի իրեն հասանելի մասը (կառուցված է հայ-թուրքական սահմանին, խմբ.)։ Իսկ այդ ջրամբարը, երբ կառուցվել է, կես–կես օգտագործման պայմանով է կառուցվել»,– նշել է նախկին նախարարը։ Նրա խորին համոզմամբ՝ Հայաստանի համար ջրի կառավարման խնդիր է այն, որ ՀՀ–ից սկիզբ առնող գետերը հիմնականում Արաքս եւ Կուր գետերով հոսում են Ադրբեջան եւ լցվում են Կասպից ծով։
Անդրադառնալով Սեւանի կանաչելու խնդրին՝ Շահազիզյանը նշել է, որ հարցի լուծման համար կարելի է Սեւան թափվող 28 գետերից խոշորների վրա մաքրման կայաններ դնել։ Ըստ նրա՝ ոռոգման նպատակով Սեւանից անդադար ջուր վերցնելը եւ, որպես հետեւանք, մակարդակի կայուն նվազումը լճին սպառնում են ճահճացմամբ: Այս խնդրին ավելացել է լճի ափերին հազարավոր սոճիների չորացումը։ Բնապահպանության նախկին նախարարի կարծիքով՝ ափամերձ անտառների չորացման պատճառը արտասահմանից հիվանդ ծառատեսակների ներկրումն է։