ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարի վերաբերյալ շահարկումներին, հայտնել է, որ նախորդ տարի, ռազմական դրությամբ պայմանավորված, Կառավարությունը հատկացրել է շուրջ 120 մլրդ դրամ։ Դրանից միայն 52 մլրդ դրամն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այսինքն` 50 տոկոսից պակաս։
Փաշինյանն ընդգծել է, որ 28 տարվա ընթացքում հիմնադրամում մինչեւ նախորդ տարվա սեպտեմբեր հավաքվել է 247 մլն դոլար, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` 221 մլն դոլար։
Նա շեշտել է, որ 2021-ի մարտի նիստում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավաստիացրել է՝ պատերազմի ընթացքում հավաքված գումարները նպատակային են ծախսվել։
Թեման վերջնականապես ու անշրջելիորեն փակելու համար Փաշինյանն առաջարկել է ԱԺ-ում 2020-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացնել հիմնադրամի ծախսերը։