…բացի, իհարկե, աշխարհահռչակ մի ռեփերի Հայաստան բերելուց եւ անիմաստ միլիոններ ծախսելուց։
2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած՝ պատերազմից ոչ պակաս ծանր դեպքերը «ի՞նչ անել» հարցը դարձրել են հանապազօրյա հաց։
Ինձ, օրինակ, ամեն օր տասնյակ մարդիկ՝ մոտիկից ու հեռվից, դարդոտ հարցնում են՝ բա, լավ, ի՞նչ անենք։ Ես պատասխան չունեմ եւ այդ պատճառով եմ հիմա գրում ու պիտի փորձեմ քննարկել հնարավոր բոլոր տարբերակները։
Բայց նախ պետք է ընդունել, որ մենք պարտվել ենք։ Ասել՝ միայն պատերազմում, քիչ կլինի։ Պարտվել ենք աշխարհում մեր տեղն ունենալու/իմանալու մասին պատկերացումներում։ Չենք հասկացել, որ Հայաստանը համաշխարհային, տարածաշրջանային շահաձիգ պետություն չէ։
Այդպիսիք շատ չեն աշխարհում։ Ավելի քան 25-ամյա հպարտ անգործությամբ մենք այդ քչերի շարքին ենք մոտեցրել հարեւան Ադրբեջանին։
Նման սխալներ, ճիշտ է, միայն մենք չենք անում։ Ռուսաստանն, օրինակ, չափավոր ազդեցություն պահպանելու փոխարեն մերժելով մերժեց հարեւան Ուկրաինայի գոյության իրավունքն իսկ, եւ հիմա Ուկրաինան աշխարհաքաղաքական գործոն է, իսկ վաղը, որոշ դիտորդների կարծիքով, դառնալու է նոր Եվրոպայի ճարտարապետը։
Ինչպես Ռուսաստանը չհասկացավ, որ ինքն այլեւս համաշխարհային կայսրություն չէ, այդպես էլ մենք չհասկացանք, որ Հայաստանն օգտակար մանրէից ավելին չէ։
Գիտեմ, հիմա ցեխի բավական մեծ մի չափաբաժին է գալու նվաստիս ուղղությամբ, որովհետեւ մարդիկ «մանրէ» բառը վերցնելու են առանց «օգտակարի» ու վիրավորվելու են մինչեւ հոգու խորքը։
Իրականում առանց օգտակար մանրէների որեւէ օրգանիզմ, այդ թվում աշխարհը, ապրել չի կարող։ Օգտակար մանրէներն են կարգավորում օրգանիզմի իմունային համակարգը եւ հետեւում, որ այն ճիշտ աշխատի։
Ինչեւէ, մենք սա չհասկացանք ու հասանք պարտության, որը կարծես փակել է բոլոր դռներն ու մեր հասարակության մտածելու քիչ թե շատ ունակ հատվածին մատնել անհուսության։
«Լազեր գյալդի»* տիպի միֆերի ժամանակն անցել է
«Ի՞նչ անել» հարցի պատասխանի որոնումներում այս հատվածի անդամները հաճախ հանգում են ուժային լուծման անհրաժեշտությանը, որը կարելի է ձեւակերպել այսպես. «Պետք է հզորացնենք մեր բանակը (կողքից՝ ռազմահայրենասիրական մասնավոր կառույցները) եւ հետ բերենք մեր կորցրածը, մի բան էլ ավելի»։
Որպես անձնական ձգտում սա գուցե ռացիոնալ է, բայց որպես ազգային նպատակ՝ վտանգավոր։ Վտանգավոր է ոչ միայն անհնարին եւ անհեռանկար լինելու պատճառով, այլ որովհետեւ մենք նորից իզուր ժամանակ պիտի վատնենք։
Չհասկանալը, որ զինապես ու ռազմականորեն զարգանալուն զուգահեռ մեր հակառակորդները չեն թուլանալու, ավելին՝ իրենք էլ են զարգանալու, պարզապես մանկամտություն է։ Եթե մեր զինուժը պետք է զարգանա, վերակազմակերպվի, զորանա, ապա միայն ու միայն երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Ո՞վ կգա մեզ փրկելու
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը որոնողների մի մասն էլ հույսը կապում է աշխարհի զորեղների «խնամքի» հետ՝ նույնքան հետեւողականորեն կանխատեսելով Ռուսաստանի պարտությունը կամ թուլացումը։
Մի անգամ ասել եմ, կրկնեմ՝ Ուկրաինան այս պատերազմում հաղթելու է, վերականգնելու է տարածքային իր ամբողջականությունը, բայց Ռուսաստանը չի պարտվելու այնքան, որ երկար ժամանակ դադարի աշխարհաքաղաքական գործոն լինելուց։ Չհաղթած/պարտված Ռուսաստանի հետ սեղան են նստելու, ազդեցության գոտիների նոր վերաբաժանում է լինելու, եւ Հարավային Կովկասը մնալու է Ռուսաստանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՆրանք Ռուսաստանի հին ընկերներն են |
Սա կռահել են նաեւ Վրաստանում եւ զգուշավոր կեցվածքով, Ռուսաստանի հետ թշնամությունը չխորացնելու քաղաքականությամբ վրացիները փորձում են «սպիտակ ագռավ» չդառնալ։
2020 թվականի նոյեմբերից, երբ Լեռնային Ղարաբաղ մտան ռուս խաղաղապահները, մինչ օրս որեւէ գերտերություն դույզն-ինչ չի վիճարկել Ռուսաստանի այդտեղ լինելու իրավունքը, որեւէ լուրջ պահանջ չի դրվել ռուս խաղաղապահներին միջազգային կոնտինգենտով փոխարինելու։ Սա եւս խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասը միջազգային դիվանագիտության ետնաբակն է, որի վրա Ռուսաստանի ազդեցությունը չի վիճարկվում։
Մյուս կողմից էլ Եվրամիությունն է նոր կրքախաղ (ֆլիրտ) սկսում Թուրքիայի հետ՝ ակնարկելով եվրոպական ընտանիքին անդամակցելու ինչ-ինչ հնարավորություններ։ Այսինքն՝ Ռուսաստանը կարող է մնալ Հարավային Կովկասում, բայց գուցե ԵՄ սարթ հարեւանությամբ։
Սա գիտեն նաեւ ռուսները եւ այդ պատճառով հատուկ ջանք չեն թափում մեր տարածաշրջանում դրսեւորվելու համար (այս պահին ուժ էլ չունեն առանձնապես)։ Գլոբալ շահերի առումով նրանք ոչ մի խաղ չունեն ո՛չ մեզ, ո՛չ էլ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանն ընդամենը նոր ստատուս քվոյի պահապան հրեշտակն է։ Եթե կա խաղ, այդ խաղը Թուրքիայի հետ է եւ կապված չէ այստեղ ու հիմա իր լինելու հարցի հետ։
Միջնորդները՝ խառնակիչներ
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը որոնողների մի մասն էլ հույսը կապում է միջազգային կառույցների հետ՝ հիմնականում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի։ Սա տրամաբանական է, որովհետեւ միջազգային այս կառույցները խաղի կանոններ սահմանողներ են, եւ պետք է օգտվել դրանից։
Այլ հարց է, թե Հայաստանն ինչ վարկ ու կշիռ ունի այս կազմակերպությունների աչքում։ Մենք, իրականում, տասնամյակներ շարունակ մեղմորեն արհամարհել ենք նրանց սահմանած կանոնները, առաջարկած միջնորդությունները, ընդունած բանաձեւերն ու հայտարարությունները, իսկ հիմա ուզում ենք շահ ունենալ։
Ադրբեջանը 2020 թվականի պատերազմով ազատագրվել է միջազգայինների «հայրական հոգատարությունից», ավելին՝ ցույց է տվել սահմանված կանոնների ու գործադրած ջանքերի սնանկությունը։
«Այն, ինչ չկարողացաք դուք, կարողացա ես՝ պատերազմով». մոտավորապես սա է ասում Ադրբեջանը՝ իրեն իրավունք վերապահելով ցանկացած միջամտություն գնահատելու որպես խառնակչություն։
Այս կառույցների հետ գուցե արդյունավետ աշխատեր Հայաստանի նոր՝ անվանապես եւ որակապես տարբեր իշխանությունը։ Մենք, սակայն, 2021 թվականին բաց թողեցինք այդ պահը, եւ հիմա ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կարող ենք դիմել միայն հոգու հանգստության համար, դիմենք դիմած լինելու եւ բաց դռնից ներս մտնելու հնարավորությունն օգտագործած լինելու համար։
Հինը մնալով՝ նոր արդյունքի չես հասնի
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը որոնողները ոչ մի կերպ ու երբեք չեն ուզում մոտենալ հակառակորդի հետ ուղիղ, առանց միջնորդների խոսելու տարբերակին։ Դա բնական է, որովհետեւ հաղթող հակառակորդի հետ ուղիղ խոսելը մեկ նախապայման ունի՝ ընդունել պարտությունը։
Մենք, սակայն, ուզում ենք հինը մնալով հասնել նոր արդյունքի, դրա համար էլ ստիպված ենք հրաժարվել Ղարաբաղից ու Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ պատասխանատվությունից, դրա համար Սովետի սահմանած վարչատարածքային մակերեսը պահպանելը ազգային գերնպատակ ենք հռչակում։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգիր լաո 23/ Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9 / Փաշոյան / Մադոյան |
Աշխարհի համար մենք ընկալելի չենք եւ օր օրի ավելի ու ավելի անընկալելի ենք դառնում։ Դա նրանից չէ, որ պատերազմով եւ հաղթանակով Ադրբեջանը կնքել ու զմռսել է իր իրավացիությունը, այլ նրանից, որ դիտորդների աչքին մենք ոչ միայն լուծում փնտրող-գտնող չենք երեւում, այլեւ ընկղմվում ենք կայֆերի ավազանի մեջ՝ ինչքան ուժ ունենք։
Կիեւյան կամրջի վրա տեղի ունեցած վերջին դեպքը հաստատեց, որ ինքնասպանություն գործելու վճիռ կայացրածին ոչ ոք չի կարող փրկել։
* 1980-ականների վերջին շուրթից շուրթ անեկդոտիկ մի պատմություն էր անցնում։ Իբր Ղարաբաղի գյուղերից մեկի շրջիկ կինոմեխանիկը, ցուցադրության սարքն էշին բարձած, գյուղից գյուղ է գնալիս եղել, հարեւան ադրբեջանցիները, անծանոթ սարքը տեսնելով եւ չհասկանալով՝ ինչ է, բացականչել են՝ լազեր գյալդի, լազեր գյալդի, ասել է թե՝ հայերի լազերային զենքն է գալիս։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։