Համահայկական ամառային 8-րդ խաղերի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայկական սպորտի եւ մարմնակրթության ակունքներում» խորագրով։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գյումրու համայնքապետարանի եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի շնորհիվ։
Ցուցադրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի եւ մարմնակրթության ձեւավորման նախապատմությունը, արեւմտահայության շրջանում մարմնամարզության եւ սպորտի զարգացման ընթացքն ու հայկական առաջին մարմնամարզական ակումբների գործունեությունը:
Բացառիկ պատմական վավերագրերով ու լուսանկարչական նյութերով հարուստ այս ցուցադրությունը հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագներ է պարունակում:
Ցուցադրության բացման հանդիսությանը ներկա էին մարզիկ եւ սկաուտապետ Գրիգոր Ճոլոլյանի որդին՝ փարիզաբնակ Պատրիս Ճոլոլյանը, մարզական ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ բազմաթիվ այցելուներ։
Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշել է, որ ցուցանմուշները սրահի պատերից դուրս կգան՝ ընդառաջ գնալով հանդիսատեսին։ «Տպագիր նյութը շրջիկ ցուցահանդեսների միջոցով կփորձենք նաեւ ցուցադրել կրթական հաստատություններում՝ ամենատարբեր մարզական իրադարձությունների ժամանակ, դրանով իսկ նպաստելով այս կարեւոր նյութի հանրահռչակմանը»,- ավելացրել է Լիլիթ Թովմասյանը:
Ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի մինչեւ օգոստոսի 23-ը: