Ոստիկանության կայքի ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնում պաշտոնական հրապարակումներից պարզ է դառնում, որ միայն օգոստոսի 1-14-ն ընկած երկու շաբաթվա ընթացքում վթարի հետեւանքով մահացել է 43 մարդ։ Համեմատելու համար նշենք, որ նույն տվյալների համաձայն՝ հուլիսին ՃՏՊ-ների հետեւանքով մահացել է 26 մարդ։
Վերջին ողբերգական դեպքը, որը ցնցեց հանրությանը, օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած պատահարն էր, որի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 6-ը։ Բախվել են հանդիպակաց ընթացող միկրոավտոբուսը եւ ЗИЛ մակնիշի բեռնատարը։ Միկրոավտոբուսը պատկանում էր «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը, ուղեւորները զբոսաշրջիկներ էին, վերադառնում էին Արեւմտյան Հայաստանից։
Ճանապարհի այդ հատվածը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու մաս է։ Վթարի կադրերից էլ երեւում, որ այնտեղ դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Հենց այդ պատճառով էլ ճանապարհի այդ հատվածում հանդիպակաց ուղիները բերվել են մեկ կողմի վրա։
Ականատեսներն ու ֆեյսբուքյան օգտատերերը վկայում են, որ թեեւ նման փոփոխություն է արվել, բայց այդ հատվածը ճանապարհային երթեւեկության նշաններով կահավորված չի եղել, գիշերային լուսավորություն եւ առանձնացվող գոտիներ չեն եղել։ Վարորդները հավանաբար տեղյակ չեն եղել, որ հանդիպակաց մեքենաներ են գալու, եւ լրացուցիչ զգոնություն չեն դրսեւորել՝ զոհ գնալով դաժան պատահարի:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը, որը ոստիկանության համակարգում բարեփոխումների, հատկապես ճանապարհային ոստիկանության ոլորտում փոփոխությունների, պարեկների ինստիտուտի ներդրման ջատագովներից էր, բայց որը հետագայում դժգոհ էր այդ գործընթացների որակից, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հարց է բարձրացնում, թե ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդյոք մեղքի իրենց բաժինը չունեն այս զարհուրելի վթարի մեջ։
«Տասը տարի է՝ Երեւան-Գյումրի ճանապարհը կառուցվում է, բայց դեռ բաժանարար գոտի չունի։ Գնել Սանոսյանը ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասին ասելիք չունի՞։ Իսկ ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում, թե ինչպես իջեցնի ճանապարհային մահերի թիվը։ ԵԽ երկրների շրջանում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք»,- ասում է Իոաննիսյանը։
Գերատեսչություններն առայժմ ձեռնպահ են մնում զարհուրելի ավտովթարի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց՝ սպասելով Քննչական կոմիտեի հարուցած գործի քննության ավարտին։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը մտաբերում է, որ մի քանի տարի առաջ նույնպես Լանջիկ գյուղի մոտ ողբերգական ավտովթար էր եղել, որի հետեւանքով 6 մարդ էր մահացել։ «Դա շատ վտանգավոր ճանապարհ է, շինաշխատանքների հատված է, բայց տարիներ շարունակ շինարարություն չի իրականացվում, եւ չկան անվտանգությունն ապահովող կահավորանք, լուսավորություն։ Գիշերային ժամերին այդ հատվածը շատ վտանգավոր է, ճանապարհային նշաններով չի ուղղորդվում, դրա համար էլ մահվան ելքով վթարներ ենք ունենում։ Աշխատանքներն այնպես պետք է կազմակերպվեն, որ վարորդները հանդիպակաց դուրս չգան ու չբախվեն»,- ասում է Քեյանը։
Նա նաեւ հավելում է, որ պետք է այդ ժամերին հետեւել վարորդների զգոնությանը, որպեսզի վթարի դեպքում հարվածի ուժգնությունը ցածր լինի։ «Մինչդեռ նկարներից երեւում է, որ երկու մեքենաներն էլ արագ են ընթացել։ Վարորդներն էլ են խախտել Ճանապարհային երթեւկության կանոնները, դրա համար էլ այս իրավիճակն ենք ունեցել»,- նկատում է նա։
Ոստիկանությունը հաղորդում է, որ այս խոշոր ավտովթարից զատ այլ վթարներ նույնպես եղել են, որոնցից չորսի դեպքում օգոստոսի 14-ին մահացել է եւս չորս մարդ, վիրավորվել՝ երկուսը։ Այսինքն՝ ՃՏՊ-ների պատճառով միայն այդ օրը մահացել է 15 մարդ, վիրավորվել՝ 8-ը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանի կարծիքով՝ ընդհանրապես ամռան ամիսներին թե՛ ՃՏՊ-ների, թե՛ դրանց հետեւանքով մահերի թիվը ավելանում է, քանի որ հանգստի ակտիվ շրջան է։ Արձակուրդում են ոչ միայն աշխատող քաղաքացիները, այլեւ ուսանողները, որոնք իրենց լրացուցիչ ազատություն են տալիս, ինչը երբեմն ողբերգական հետեւանք է ունենում։
Առհասարակ, նրա կարծիքով, վթարների պատճառ են մի քանի գործոններ՝ վատ ճանապարհները, դրանց չկահավորված լինելը, անսարք մեքենաները, վարորդների ցածր պատրաստվածությունը, ինչպես նաեւ երթեւեկությունը հսկող ոստիկանի վատ աշխատանքը։
Նա դիտողություններ ունի այդ բոլոր ուղղություններով։ «Նախկինում, ճիշտ է, անվտանգության պահանջները ցածր էին, որի պատճառով, ասենք, ոլորանների կորության շառավիղը փոքր էր, բայց հիմա վերանորոգման ժամանակ ոչ բոլոր դեպքերում են դա մեծացնում։ Ճանապարհները վատ են կահավորված։ Այսօր մեր ճանապարհային ոստիկանը հիմնականում զբաղված է խախտում կատարողին պատժելով, մինչդեռ նրա հիմնական գործը պետք է կանխարգելելը լիներ։ Մյուս կողմից՝ հիմա ամեն ոք, ով սկսում է քայլել, վարորդական իրավունք է ձեռք բերում։ Պետք է շատ խիստ վերաբերվել վարորդական իրավունքներ հատկացնելուն»,- ասում է Քոչինյանը։
Նա հավելում է, թե պատկան մարմինները պետք է վերլուծեն ու պարզեն, թե որոնք են ՃՏՊ-ների հիմնական պատճառներն, եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։
Մեր պետական համակարգում կա ՀՀ փորձագիտական կենտրոն անունով մի գերատեսչություն, որն ունի հատուկ այդ գործով զբաղվող բաժին։ Փորձեցինք պարզել, թե ունեն նման վերլուծություն, եւ ինչ է արվում այդ ուղղությամբ։ Հրաժարվեցին անմիջապես պատասխանելուց, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը կանենք եւ պատասխանը կներկայացնենք մեր ընթերցողին։
Նաեւ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երեք օր առաջ Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր Հայաստանի ճանապարհների սպասարկման, այդ թվում՝ գծանշումների ու ցուցանակների վատ որակին, պահանջել էր ներկայացնել դրանց պատասխանատուների անունները։ Այսօր արդեն նա ցավակցական գրառում է կատարել եւ խոստացել, որ «ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել, այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով»:
Իսկ Տիգրան Քեյանը հավելում է, որ եթե մինչ այժմ եղած վիճակագրությունը ցույց էր տալիս, որ այս տարի ՃՏՊ-ների հետեւանքով մահերի թիվը նվազել է, ապա անցած 6-7 օրերի դեպքերով դրանք կավելանան։
Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 14-ին 16 զոհ տված Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի տարելիցն էր։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։