Մախաչկալայի Nafta-24 ավտոմեքենաների վառելիքի լցակայանում օգոստոսի 14-ի պայթյունի տուժածների թիվը հասել է 102-ի, օպերատիվ շտաբի նիստում հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Ըստ նրա՝ այս պատահարի հետեւանքով զոհվել է 30 մարդ․ նրանցից երեքը երեխաներ են։
Բժշկական օգնության է դիմել 102 մարդ։ Օգոստոսի 15-ի 06:00-ի դրությամբ բուժհաստատություններում է գտնվում 65 մարդ, որից 11-ը երեխաներ են»,- ասաց Մելիքովը։
Մախաչկալայում պայթյունի մասին առաջին հաղորդագրությունները մամուլում հայտնվել էին օգոստոսի 14-ին՝ 22:00-ի սահմաններում։ Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ պայթյունը եղել է առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման շենքում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը եղել է առնվազն 500 քմ։ Երկրորդ պայթյունի սպառնալիքի պատճառով ոստիկանները ստիպված են եղել մարդկանց տարհանել։ Անջատվել է նաեւ գազամատակարարումը։ Քաղաքի իշխանությունները կոչ են արել առանց խիստ անհրաժեշտության չերթեւեկելու այն հատվածներում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։