Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը կրակել է Ստեփանակերտի բնակելի տներից մեկի ուղղությամբ՝ ծակելով Վաղարշյան փողոցի տներից մեկի տանիքը։
Թադեւոսյանը նշել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության քննիչներն անմիջապես գնացել, լուսանկարել են տեղանքը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ դեպքի մասին հայկական կողմը տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը նաեւ ինտենսիվ կրակոցներ է արձակել Շոշ, Մխիթարաշեն ու Թաղավարդ գյուղերի ուղղությամբ։ Թադեւոսյանն ասել է, որ այդ մասով հաղորդում չի ներկայացվել, սակայն ՆԳՆ-ում նյութեր են նախապատրաստվում։
Արցախի ՊՆ-ն ահազանգել է, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդել է, որ նախօրեին հայկական կողմը Սյունիքի ուղղությամբ մի շարք սադրանքներ է ձեռնարկել: Ըստ ադրբեջանական կողմի՝ ռուս սահմանապահները նրանց հայտնել են, որ արարքի հեղինակները «անսթափ վիճակում էին, եւ խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել»։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի մեկ այլ պնդման՝ նույն օրը միջադեպ է տեղի ունեցել Շուռնուխի մերձակայքում, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, մի խումբ հայեր 30-40 մեքենաներով շարժվել են սահմանի ուղղությամբ՝ հակաադրբեջանական կարգախոսներ վանկարկելով։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նաեւ հայտարարել է, թե «նման սադրանքների կրկնության դեպքում ադրբեջանական կողմը կդիմի ամենակոշտ պատասխան քայլերի»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չափազանց վառ երեւակայություն է պետք ունենալ Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր թույլ տված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: