Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարի համար պետք է պատասխանատվություն կրեն պետական պաշտոնյաները, մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները. անդրադառնալով Գյումրի-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հնարավոր պատճառներին՝ նշել է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը։ «Գյումրի–Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարը հերթական անգամ արդիական դարձրեց ճանապարհաշինության եւ կահավորման նորմերի պահպանման հարցը։ Այստեղ կարեւոր է, թե իրենց աշխատանքին որքան պատասխանատու կերպով են մոտենում պետական պաշտոնյաներն ու տեղական ինքնակառավարման մարմինները»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է փորձագետը։
Խնդրին կրկին անդրադառնում են հերթական ողբերգական դեպքից հետո
Ըստ Քեյանի` ճանապարհային երթեւեկության նորմերին պետք է հետեւեն ոչ միայն վարորդները, այլեւ պետական կառույցները, ճանապարհների վերանորոգման համար պատասխանատու անձինք։ Փորձագետը հիշեցրել է, որ այդ ճանապարհահատվածի անվտանգ եւ բարվոք լինելու շուրջ խոսել են դեռ երկու տարի առաջ եւ զգուշացրել, որ այդ հատվածներում բացակայում են նորմալ կահավորումը, լուսավորությունը, ճանապարհային նշանները ճիշտ չեն տեղադրված եւ այլն։ «Շատ ենք խոսել, բայց ամեն անգամ հարցը աչքաթող է արվում։ Խնդրին կրկին անդրադառնում են, երբ հերթական ողբերգական դեպքն է գրանցվում»,– շեշտել է Քեյանը։ Նա նշել է, որ վթարի նկարները նայելիս կարելի է եզրակացնել, որ առնվազն այդ հատվածում վարորդները գերազանցել են արագությունը, որովհետեւ այդտեղ կարծես թե դրված չի եղել ճանապարհային նշան, որը կզգուշացներ, որ այդ հատվածում ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ «Այդ առումով, կարծում եմ, արագությունը սահմանափակող նշան պետք է լիներ»,- նշել է փորձագետը եւ հավելել, որ դեռ պետք է քննություն տարվի եւ պարզվի, թե ինչն է եղել իրական պատճառը։
Ժամանակավոր նշանների մոտ էլ պետք է գիշերային ժամերի համար լուսավորություն լինի
Փորձագետը վստահեցրել է, որ ե՛ւ ՀՀ մարզերում, ե՛ւ Երեւան քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող ընկերություններից գրեթե բոլորն անվտանգության տարրական կանոնները չեն պահպանում։ Քեյանն ընդգծել է, որ այդ ընկերությունները պետք է համապատասխան կահավորմամբ սահմանազատեն շինաշխատանքների հատվածը, մինչ այդ` մոտ 1 կմ–ից սկսած, ժամանակավոր ճանապարհային նշաններ տեղադրեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՊարեկներն՝ անտարբեր, վարորդներն՝ անվարժ, զոհերն՝ անմեղ |
Այդպիսով վարորդը նախապես կտեղեկանա, որ շուտով երթեւեկության արագությունը 60 կմ/ժ–ից կդառնա 40 կմ/ժ, իսկ հետո` 30 կմ/ժ։ Այդ ժամանակավոր նշանների մոտ էլ պետք է գիշերային ժամերի համար լուսավորություն լինի։ Գյումրի–Լանջիկ հատվածում, որտեղ որոշակի մաս միակողմանի է, պետք է մեջտեղի հատվածը պլաստիկ պատնեշներով սահմանազատվի, որպեսզի վարորդները գիշերային ժամերին ավելի լավ կարողանան կողմնորոշվել։ Քեյանը համոզված է, որ այդ պարզ միջոցը շատ առումներով կնվազեցնի վթարների հավանականությունը։