Արցախի ԱԳՆ-ն կտրականապես հերքում եւ խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում եւ կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:
Արցախի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: «Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Արցախում միջազգային բոլոր դերակատարներից, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում են անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները: